Հղի կնոջ մահվան համար 2 տարվա ազատազրկման դատապարտված մանկաբարձ գինեկոլոգ Վարուժան Մարդանյանի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվել է: Մարդանյանը համաներմամբ ազատվել է 2 տարի ժամկետով հիմնական պատժի կրումից, հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ինչ վերաբերում է Վարուժան Մարդանյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժին՝ 3 տարի ժամկետով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմանը, ապա Վերաքննիչ դատարանն այդ մասով դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ Մարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա ազատ է արձակել դատական նիստերի դահլիճից:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալը նախկինում դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտ, ինչպես նաև այն, որ Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 07.10.2013 թվականի դատավճռով` Մարդանյանը կրկին դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մաս): Մինչդեռ Համաներման ակտի 9-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում միանշանակ արձանագրված է, որ համաներումը կիրառելի չէ միայն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեդադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են` կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար։
Ըստ մեղադրանքի, բժիշկը բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ վիժել էր: Նա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով՝ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր:
Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին աղիների մեռուկացման: Վիրահատության շնորհիվ արյունահոսությունը դադարել էր, սակայն 2-3 ժամ անց հիվանդը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր: