Գլխավոր / Հայաստան / «Երեխան չի հանդուրժել լկտի վերաբերմունքը». 71 դպրոցի պատմությունը հասել է ՄԻՊ-ին

«Երեխան չի հանդուրժել լկտի վերաբերմունքը». 71 դպրոցի պատմությունը հասել է ՄԻՊ-ին

Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի 6բ դասարանի աշակերտներից մեկը՝ Հովհաննես Ղազարյանը,  հրաժարվում է փոխել դպրոցը, ինչը նրանցից պահանջել են անել մի շարք համադասարանցիներ: Հիշեցնենք, որ «ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ  աշակերտները դասադուլ են անում՝ մեղադրելով Ղազարյանին իրենց ծեծելու մեջ:

Այսօր Epress.am-ին միջադեպի հետ կապված պարզաբանում են տվել Ղազարյանի ծնողները՝ Հովսեփ Ղազարյանը և Մարինա Վարդանյանը:

«Ճշմարտությունը կայանում է նրանում, որ նշված դպրոցի նշված դասարանի մի քանի երիտասարդ և կարիերիստ ծնողների հովանավորությամբ և տնօրինության լռելյայն համաձայնության ներքո հինգ տարի շարունակ այդ դասարանի տղաների միջև ձևավորվել էին արատավոր հիերարխիկ, կարծրացած հարաբերություններ, որտեղ փառամոլ ամբիցիաներով տառապող հիշյալ մի քանի ծնողների տղաները ունեին իշխող և ամենաթող կարգավիճակ. երբ նրանց թույլատրված էր անարգել կերպով դասարանի աղջիկների և ուսուցիչների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ իրենց կողմից պարբերաբար ճնշումների ենթարկվող երեխաների հասցեին և բռունցքով հարվածել ու լկտիությամբ անարգանքի ենթարկել անգամ աղջիկ երեխաներին, որոնց թվում են նաև Սիրիայից հայրենիք նոր վերադարձած մի քանի աղջիկ աշակերտներ: Այս ամենը ձեռնտու էր նաև մանկավարժական կոլեկտիվին, ում համար կարևորը դասարանում տիրող իրավիճակի «անաղմուկությունն» էր, այլ ոչ` արդարությանը և ճշմարտությանը հետամուտ լինելու մանկավարժական տարրական նորմը: Իսկ դասարան նոր եկած Հարությունը դասարան ոտք դնելու առաջին իսկ օրերին հանդիպում է այդ «սուբորդինացիոն» հարաբերություններին ենթարկվելու հրամայական պահանջին, սակայն, լինելով արդարամիտ և լուրջ կամքի ու տրամաբանության տեր անձնավորություն, բնականաբար չէր կարող հանդուրժել լկտի և իշխող վերաբերմունք դասարանի, այսպես կոչված, «լիդերների» կողմից (ներկայացված է իրենց ծնողների շրջանակում տարածված բառապաշարով), ինչը լուրջ խոչընդոտ էր իրենց ծնողների անբարո «փառամոլության» ճանապարհին»,- նշել են Ղազարյանի ծնողները:

Նրանք  համոզված են, որ այժմ իրենց որդուն դպրոցից դուրս գալ ստիպելու հիմքում  ընկած է հենց աշակերտների՝ նրանցից ազատվելու ցանկությունը: Ղազարյանի ծնողները դիմել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանը: Այդ նամակներում ծնողները պատմել են դեպքերի մասնրամասներ և նշել, որ իրենց ճշմարտացիությունը պատրաստ են ապացուցել ցանկացած հետաքնության շրջանակներում: