Home / Հայաստան / Շիրակի մարզում ճանապարհների ձմեռային սպասարկման գումարը պահանջվածից պակաս է

Շիրակի մարզում ճանապարհների ձմեռային սպասարկման գումարը պահանջվածից պակաս է

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը հասնում է 60 սմ-ի։ Աշոցքով է անցնում դեպի Վրաստան տանող միջպետական մայրուղին, և վերջին երկու տարիներին հիմնական բեռնափոխադրումը այդ մայրուղով է իրականացվում, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Չնայած Շիրակի մարզում ամենաշատն են գրանցվում ձյան տեղումները, այդ հանգամանքը հաշվի չի առնվում, և կառավարությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ճանապարհների ձմեռային պահպանության համար գումարներն անփոփոխ է թողել։ Սակայն, ինչպես նշել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, հավելյալ գումարի հայտ ներկայացվել է, որը մերժվել է։

«Հատկացված գումարը նորից մնացել է 105 միլիոն 239 դրամ. այդ գումարի շրջանակներում պետք է նորից նորից իրականացնենք ամբողջ մարզի բոլոր համայնքների ճանապարհների սպասարկման աշխատանքները, սակայն գումարը ոչ լրիվ է բավարարում,- ասել է Խնձրցյանը. – Ճանապարհները սպասարկող կազմակերպություններին հանձնարարում ենք բացել ճանապարհները։ Դե, մարզպետարանն է պատվիրատուն, որպես պատվիրատու՝ լիազորություններ ունի ճանապարհը սպասարկող կազմակերպության հրահանգել իրականացնելու պայմանագրով ամրագրված պարտավորությունները։ Դիմել էինք կառավարությանը, խնդրել էին գոնե 15 միլիոն դրամով աջակցելու համար, բայց և այնպես ընդունվեց նախկինում հաստատված գումարը»։

Հարցին, թե մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունները միջինը ի՞նչ արժեքով են շահել մրցույթները և ի՞նչ ժամանակահատվածի սպասարկման համար, Խնձրցյանը պատասխանել է․ «Յուրաքանչյուր սպասարկող կազմակերպություն ներկայացրել է մեկ կմ-ի ձմեռային սպասարկման գումարը։ Օրինակ, Աշոցքում 687 հազար դրամ է մեկ կմ-ի սպասարկման արժեքը»։

Tekali Taxi