Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանության պետ Մակսիմ Տիտովը հունվարի 21-ի երեկոյան բերման է ենթարկվել։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Տիտովի փաստաբան Վադիմ Լյալինը՝ նշելով, որ բարձրաստիճան ոստիկանը կասկածվում է իշխանության չարաշահման մեջ։
Նրա խոսքով՝ Տիտովը մեղադրվում է հայկական սփյուռքի երկու ներկայացուցիչներին ապօրինի կերպով բերման ենթարկելու մեջ։ Գործով տուժածները, սակայն, նրան չեն ճանաչել, պնդում է փաստաբանը։
Ինչպես հայտնում է Life News-ը, դեպքը տեղի է ունեցել 2012 թվականին, երբ ոստիկանը զբաղեցնում էր «Կոմունարսկի» բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ Այն ժամանակ բաժնի հերթապահ մասին հաղորդվել էր կասկածելի անձանց հավաքի մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հավաքվածներին խնդրել են անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնել, սակայն վերջիններիս դիմադրություն են ցուցաբերել։ Ընդ որում, Տիտովը, ենթադրաբար, մի քանի անգամ հարվածել է հավաքվածներից մեկին։
Տիտովի խոսքով՝ առերեսման ժամանակ իրեն թույլ չեն տվել օգտվել իրավաբանի ծառայություններից, իսկ իր դեմ վկայություն է տվել միայն իր նախկին աշխատակիցը, մնացած ականատեսներն իրեն չեն ճանաչել։
Միջադեպի հետևանքով բերման ենթարկվածները, սակայն, պնդում են որ իրենց ոստիկանական բաժանմունք են տարել հարբած ոստիկանների հարձակումից հետո։ Սկանդալի մասնակիցներից մեկի՝ Արսեն Գասպարյանի խոսքով՝ իրավապահները նշում էին հենց Մակսիմ Տիտովի պաշտոնի բարձրացումը։
Իսկ ահա ոստիկանների պնդմամբ՝ իրենք բերման էին ենթարկել կազմակերպված հանցավոր էթնիկ խմբավորման անդամների։ Ոստիկաններից մեկի խոսքով՝ այդ երեկո խմբավորման հայազգի անդամներն իրենց համերկրացիներից գումարներ էին շորթում։