Ադրբեջանի պատմական հողերը չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով ու հարակից տարածքներով։ Հունվարի 21-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եթե ուշադրություն դարձնենք ոչ վաղ անցյալի՝19-րդ դարի պատմության վիճակագրությանը, ապա կարելի է նկատել, որ ադրբեջանցիների կողմից բնակեցված տարածքները բավականին մեծ էին։ Ներկայիս Հայաստանն իրականում Ադրբեջանի պատմական տարածքն է։ Հետևաբար, ապագայում մենք կվերադառնանք մեր բոլոր պատմական հողերը։ Թող այդ մասին իմանան թե երիտասարդները, թե երեխաները։ Մենք պետք է ապրենք, ապրում ենք ու ապրելու ենք այդ գաղափարով»,- Ալիևի խոսքերն է փոխանցում APA գործակալությունը։
Նրա խոսքով՝ «Ադրբեջանի կտրուկ զարգացումն» ու «Առանց արտաքին օգնության գոյություն ունենալու Հայաստանի անկարողությունը» մոտ ապագայում կլուծեն Ղարաբաղի հարցը։
«Միևնույն ժամանակ, ես արդեն ասել եմ ու նորից եմ ուզում նշել, որ ապագայում ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց բոլոր պատմական տարածքները։ Այդժամ պատմական արդարությունն ամբողջությամբ կվերականգնվի։ Առաջին հերթին պետք է ազատագրվեն օկուպացված տարածքները։ Ադրբեջանցիները ապրելու են Լեռնային Ղարաբաղում, իսկ դրանից հետո՝ նաև [Հայաստանի] մյուս մասերում։ Մենք բոլորս պետք է փորձենք մոտեցնել այդ օրը»,- հայտարարել է Ալիևը։