Կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, առաջարկում է վերացնել պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերում սովորողների տարկետման իրավունքը՝ փոփոխություն կատարելով «Զինապարտության մասին» օրենքում:
Աշոտյանն իր նախագիծը ներկայացնելու է վաղը՝ հունվարի 23-ին կայանալիք կառավարության նիստին։ Կրթության և գիտության նախարարությունը հիմնավորում է, որ տարկետման իրավունքով սովորելով՝ արտերկրում արական սեռի քաղաքացիները խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից, որն էլ «իր հերթին, խթանում է բնակչության արտագաղթին, ինչպես նաև հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»:
Նախարարն առաջարկում է հատուկ կարգ սահմանել տարկետում տրամադրելու համար ՝ փոխելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ սահմանելով գրավ՝ 8.5 մլն դրամ:
«Պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր կնքելով տարկետում տրամադրելը երաշխիք կապահովի ՀՀ վերադառնալու, հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները կատարելու և ձեռք բերված գիտելիքները ՀՀ-ում ներդնելու համար»,- ասված է օրենքի նախագծի մեջ: