հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ինչու են կարևոր HRW-ի զեկույցները և ինչը Հայաստանում չի փոխվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչու են կարևոր HRW-ի զեկույցները և ինչը Հայաստանում չի փոխվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների ազդեցությունը Հայաստանի վրա ակնհայտ է, քանի որ նման զեկույցները հայտնվում են տարբեր կառավարությունների և երկրին աջակցող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ երեկ հրապարակած զեկույցին՝ այս մասին հայտարարել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը։

«Օրինակ, ԱՄՆ Պետդեպը ուշադրություն է դարձնում այդպիսի զեկույցների վրա, և այդ երկրի աջակցությունը Հայաստանին, այդ թվում՝ ֆինանսական, միանշանակ կախված է նաև նման հեղինակավոր կազմակերպությունների կարծիքից», – ասել է Դանիելյանը՝ ընդգծելով, որ այս տարվա զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը լավն է և խիստ։

Այնուամենայնիվ, զեկույցում արծարծված հիմնական խնդիրները տարեց տարի նույնն են մնում, քանի որ, ըստ իրավապաշտպանի, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում քայլեր անել մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ։

Մասնավորապես, անդրադառնալով զեկույցում մատնանշված հիմնական խնդիրներից մեկին՝ ոստիկանությունում մարդկանց խոշտանգումներին, Դանիելյանն ասել է, որ «դա չի փոխվել և չի փոխվելու»։ Բանախոսի պնդմամբ՝ քրեական գործերի 90%-ի դեպքում իրավապահները ցուցմունքները խոշտանգումների միջոցով են կորզում։

Դանիելյանը կարևորել է այն փաստը, որ այս տարվա զեկույցում տեղ է գտել նաև Շանթ Հարությունյանի ակցիայի մասին տեղեկատվությունը մարդու իրավունքների խախտման տեսանկյունից, նշվել է, որ Հարությունյանը ծեծի է ենթարկվել ոստիկանության ներկայացուցիչների կողմից ու այդ մասին հայտարարությունները քննության առարկա չեն դարձել։

Մանրամասները՝ տեսանյութում