հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Շահիդների ծառուղու մասին սուտն աղճատում է Ադրբեջանի պատմությունը․ կարծիք

Շահիդների ծառուղու մասին սուտն աղճատում է Ադրբեջանի պատմությունը․ կարծիք

Շահիդների (նահատակների) ծառուղին Բաքվի այն վայրերից է, որը սովորաբար այցելում են պատվավոր հյուրերը։ Դա եղբայրական գերեզման է, որտեղ թաղված են «շահիդները», հիմնականում՝ «Սև հունվար»-ի զոհերը (126 մարդ) ու Ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիները։ Ծառուղում կա նաև անանուն գերեզման, որտեղ թաղված են ինքնությունը չբացահայտված զոհերը։

Ադրբեջանում հունվարի 20-ը նշվում է որպես Համազգային սգո օր կամ Սև հունվար։ 1990 թվականին՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, խորհրդային զորքերը Բաքվում քաղաքական ընդդիմությունը ճնշելու գործողություն իրականացրին։ Ժողովրդական ճակատի ջախջախման ու Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության իշխանությունը փրկելու փորձերի համար պաշտոնական հիմնավորում ծառայեցին նույն թվականի հունվարի 13-16-ին Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերը։

Բաքվեցի քաղաքագետ, հասարակական գործիչ, ադրբեջանական սոցիալ-դեմոկրատների նախկին առաջնորդ ու Ժողովրդական ճակատի նախկին անդամ Զարդուշտ Ալիզադեն պնդում է, որ պատվավոր գերեզմանում թաղված են ոչ միայն նահատակներ։ Այս մասին նա գրում է interpress.az-ում․

«Հունվարի 20-ի անհրաժեշտությունն ընդհանրապես չկար, այն առումով, որ հունվարի 20-ը պատմության քաղաքական տրամաբանությունից չի բխում։ ԽՍՀՄ-ն առանց այդ էլ փլուզվելու էր։ Հեքիաթն այն մասին, թե իբր հունվարի 20-ը տեղի է ունեցել հանուն անկախության, միայն ճշմարտությունը թաքցնելու համար սուտ բացատրություն է։ Ու այն, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել հանուն Ղարաբաղի փրկության, նույնպես սուտ է։

Ճշմարտությունը թաքցնելու պատճառներից մեկն այն է, որ այդ ողբերգությունից շահածները մինչ այժմ ազատության մեջ են գտնվում։ Հունվարի 20-ին Ժողովրդական ճակատը դադարեց իր գոյությունը։ Մինչ այդ այն լայնածավալ ժողովրդական շարժում էր, որը ներկայություն ուներ ամենուր՝ գործարաններում, ֆաբրիկաներում, համալսարաններում։ Իսկ հունվարի 20-ից հետո Ժողովրդական ճակատը որպես շարժում այլևս գոյություն չուներ։ Փոխարենը մնացին պետական հեղաշրջում իրականացնող մի քանի հազար մարդիկ։ Պաշտոնանկ արեցին Վեզիրովին, Մութալիբովին, իշխանության բերեցին իրենց ցանկալի մարդկանց ու հանգստացան։

Շահիդ է համարվում նա, ով գիտակցաբար զոհաբերում է իր կյանքն ու արյունը հանուն իր ժողովրդի, հայրենիքի, հավատքի։ Շահիդների ծառուղում թաղվածների շարքում այդպիսի մարդիկ շատ քիչ են։ Մնացածն ուղղակի անցորդներ են, որոնք փողոցներ էին դուրս եկել՝ կեղծ կարգախոսներով։ Նրանք նույնպես մահացել են փամփուշտներից, երբ բանակը կրակ է բացել։ Ահա և վերջ, այդպես էլ զոհ են դարձել՝ պատժիչ գործողության անմեղ զոհ։

Շահիդների ծառուղում թաղվածների մեծ մասը նահատակ չէ, այլ զոհ։ Օրինակ, իրադարձությունների զոհերից մեկի՝ Իլհամի կինը՝ Ֆարիզան, չկարողանալով տանել ամուսնու մահը, ինքնասպան եղավ՝ թույն ընդունելով։ Դա «շահիդություն» չէ, ու Ֆարիզային Շահիդների ծառուղում թաղելը նույնպես սխալ է։ Այնտեղ թաղվածներից մեկը շտապ օգնության բժիշկ է։ Փորձելով փամփուշտներից փրկել վիրավորներին՝ ինքն է փամփուշտի վնասվածք ստացել ու մահացել։ Սա է շահիդությունը։

Ռահիմ Գազիևը, Նեմյաթ Փանախովը (Ժողովրդական ճակատի առաջնորդներ – խմբ․) պետք է պատասխանեն՝ ինչու են գնացել դրան։ Քանի դեռ տեղի ունեցածի մասին ճշմարտությունը չի բացահայտվել, մեր պատմությունը պետք է, հավանաբար, շարունակի գրվել։

Ադրբեջանի Հանրապետության՝ շահիդներիի կարգավիճակի մասին օրենքի համաձայն՝ շահիդ են համարվում հանուն Ադրբեջանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության զոհված, պատերազմական գործողության հետևանքով անհայտ կորած ու օրենսդրությամբ սահմանված կարգով մահացած մարդիկ»։