Գլխավոր / Հայաստան / Շիրակի մարզի ոստիկանապետին ազատեցին պաշտոնից

Շիրակի մարզի ոստիկանապետին ազատեցին պաշտոնից

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ Կարեն Բաբակեխյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Բաբակեխյանի փոխարեն Շիրակի ոստիկանապետ է նշանակվել Կոտայքի մարզի վարչության պետ Վարդան Նադարյանը։

Epress.am-ը հետաքրքրվել է Ահարոնյանից՝ արդյոք Բաբակեխյանին պաշտոնից ազատելը կապված է եղել երկու օր առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Բալասանյանի հասցեին։ Ահարոնյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետն ընդհանուր առմամբ դժգոհ է եղել Բաբակեխյանի աշխատանքից և նրան պաշտոնից ազատելը կապված է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներների հետ։

Նշենք, որ Կարեն Բաբակեխյանի անունը վերջին շրջանում կապվել է «ֆինանսական բուրգի» գործի հետ։