Ադրբեջանցի գրող Գյունել Մովլուդը azadliq.org-ում հրապարակել է «Իսայի [Հիսուս] չարչարանքները» հոդվածը՝ նվիրված հունվարի 22-ին Բաքվում ինքնասպան եղած երիտասարդ Իսա Շահմարլիին։ Նշենք, որ Հիսուսը Ղուրանում ներկայացված է որպես Իսա մարգարե։
Գյունել Մովլուդի հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․
– Կախվել է մի երիտասարդ։ Ժպտերես, ուրախ, գրագետ, արժանի 20-ամյա երիտասարդ։ Այս որակները, սակայն, չկարողացան նրան փրկել։ Մարդկանց հոծ զանգված նրա դեմ պատերազմ էր հայտարարել մյուսներից տարբեր լինելու, այլ ապրելակերպ ընտրելու համար։
Իսան նույնասեռական էր․ դա չէր թաքցնում ու չէր ամաչում։
Իսկ մեր ժողովուրդը չի կարող նման հարցի նկատմամբ զգայուն լինել, ներել կամ մարսել դա։ Պատկերացնում եմ՝ նրան ինչ բառեր են ասել, ինչպիսի ճնշման ու վիրավորանքների է ենթարկվել Իսան։ Չէ որ սա մի երկիր է, որտեղ ծնողները չեն կարողանում հարմարվել, երբ նրանց որդին կամ դուստրը այլ կերպ է հագնվում, մի փոքր այլ տեսք է ունենում։
Սա այնպիսի մարդկանց երկիր է, որոնք իրենց պարտքն են համարում ստորացնել, վիրավորել, նախատել մի երիտասարդ տղայի այն բանի համար, որ նա ծնկները մաշված տաբատ է կրում, երկար մազեր ունի, իսկ ականջում՝ ականջօղ։
Սա փողոցային տղաների երկիր է, որոնք ծաղրում, վերջին խոսքերով վիրավորում են իրենցից տարբեր մարդկանց։
20-ամյա երիտասարդն այդ ամենն ի վիճակի չէ հանդուրժել։ Հնարավոր է՝ իր համար միակ փրկությունը նա տեսնում էր ինքնասպանության մեջ։
Բայց Իսային ինքնասպանության հասցնելու պատճառը միայն նրա նույնասեռական լինելը չէր։ Բոլորը փայլուն գիտեն, որ երկրում հազարավոր նույնասեռականներ կան։
Հազարավոր նույնասեռականներ առանց համազգեստավորների հետ որևէ խնդիր ունենալու աշխատում են հյուրանոցների դիմաց, ելույթ ունենում շոու-բիզնեսում ու հարսանիքների ժամանակ հանդես գալիս որպես հաղորդավարներ։
Նրանց ոչ ոք ոչինչ չի ասում։ Նրանց մեծ պատրաստակամությամբ կանչում են հարսանիքների։ Նրանց մեծ գումարներ են վճարում, գեղեցիկ տներում տեղավորում, թանկարժեք մեքենաներ նվիրում։ Այդ մարդիկ այս երկրում ապրում են հարմարավետության, բարեկեցության մեջ։ Նրանց ընդհանրապես չեն ճնշում, քանի որ նրանք իրենց հարմարեցրել են այս ժողովրդի մտածելակերպին։ Նրանք մարդկանց շրջապատում, եթերում, հարցազրույցների ու հարսանիքների ժամանակ խոսում են ազգային-բարոյական արժեքների, մուղամի, թառի ու քյամանչայի, Ղարաբաղի ձիերի, Նիզամիի ու Ֆիզուլիի մասին։ Երբ պետք է, համագործակցում են ոստիկանության հետ, մասնակցում են նախագահի նախընտրական արշավին։
Ադրբեջանում եթե այսպիսի նույնասեռական ես, ապա կարող ես նստել սեղանի գլխին։ Ոչ ոք չի համարձակվի քեզ որևէ բան ասել։ Բայց եթե դու խոստովանում ես, որ նույնասեռական ես, եթե չես աշխատում ոստիկանության հետ, դու այս ժողովրդի թշնամին ես։
Քեզ թույլ չեն տա ապրել։ Քեզ կստորացնեն։ Կյանքդ անտանելի կդարձնեն։ Ծնողներիդ, հարազատներիդ, ընկերներիդ քո դեմ կտրամադրեն։ Քեզ հանգիստ չեն թողնի, քանի դեռ ինքնասպան չես եղել։
Դու ընդամենը 20 տարեկան ես։ Դու ազատ ես։ Լի ես դրական էներգիայով։ Մաքուր ես։ Չես ուզում կեղծ ու ստախոս լինել։ Դու ուզում ես կյանքդ ապրել այնպես, ինչպես ճիշտ ես գտնում։ Բայց այս երկիրն ի վիճակի չէ տեղավորել քո աշխարհի գունագեղությունը։
Այո, Աստված կարող է քեզ սիրել այնպիսին, ինչպիսին ստեղծել է քեզ։ Բայց այս ժողովուրդն ի վիճակի չէ քեզ սիրել այնպիսին, ինչպիսին Աստվածն է ստեղծել։
Քո մեղքը մեկն է։
Դու ծնվել ես սխալ երկրում։
Աստված հոգիդ լուսավորի։
Լուսանկարում՝ Իսա Շահմարլիի հուղարկավորությունը