Գլխավոր / Հայաստան / «Վերևից ասել են՝ լույսը անջատի»․ Արարատի բնակիչները վարձերը չեն մուծել նպաստ չստանալու պատճառով

«Վերևից ասել են՝ լույսը անջատի»․ Արարատի բնակիչները վարձերը չեն մուծել նպաստ չստանալու պատճառով

Արարատ քաղաքի Շահումյան 2 հասցեում հանրակացարանի վթարային շենքն այսօր առավոտից հոսանքազրկվել է, իսկ բնակիչները զգուշացվել են, որ հոսանք կունենան մուծումները կատարելուց հետո միայն։ Բնակիչների ներկայացրած պատճառաբանությունը, թե «մուծել կկարողանան այն ժամանակ, երբ նպաստները կստանան» ու հոսանքը միացնելու խնդրանք- հորդորներից և ոչ մեկը «լույսի մարդը» չի ընդունել, ավելին՝ խորհուրդ է տվել «տոկոսով փող վեցնել ու կատարել մուծումները»։

Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում պատմել է շենքի բնակիչ Վարդան Վարդանյանը։ Նա նշել է, որ իրենք պատրաստ են վճարել, միայն թե նպաստներն են ուշացրել։

«Ասում եմ՝ հիվանդ երեխա ունեմ, խնդրում եմ, միացրու, կմուծեմ, էլէկտրիկն էլ, թե՝ «ինձ չի հետաքրքրում, գնա, մի տեղից ճարի, տար, մուծի»։ Ասում եմ՝ տեղ ցույց տուր, ո՞ւմից գնամ ուզեմ։ Հաշվի չառավ, որ շենքում հաշմանդամներ, երեխեք, ծերեր կան, անջատեց, գնաց», — պատմել է Վարդանյանը։

Շենքի բնակչուհի, ազատամարտիկ Վանիկ Էմինյանի կինը՝ Հեղինե Ափինյանը, նշել է, որ տանը երեք անչափահաս երեխա ունի, իսկ տաքանալու միակ միջոցը էլեկտրաէներգիան է՝ «շենքը վթարային է, այդ իսկ պատճառով գազ չեն քաշել»։

«Ամեն ամիս ամենաուշը մինչև ամսի 28-ը նպաստը ստացել ենք, իսկ հիմա ուր զանգում ենք, մեզ ասում են՝ «նպաստը ուշանալու ա, տալու են մինչև փետրվարի 8-ը, մի տեղից ճարեք, մուծեք»։ Էլեկտրացանց էլ ենք զանգում, խնդրում ենք, ասում են՝ բերեք, մուծեք։ Էլեկտրիկը ասում ա՝ «պլան են դրել մեր վրա», էլ խնդրում ենք, համոզում ենք, չի լսում։ Ասում ա՝ վերեևից ասել են՝«գնա, անջատի»», — եզրափակել է Ափինյանը։