Գլխավոր / Հայաստան / Առողջապահության նախարարը շատ է կարևորում «ատկատների» մասին պատգամավորի հայտարարությունը

Առողջապահության նախարարը շատ է կարևորում «ատկատների» մասին պատգամավորի հայտարարությունը

ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Լյուդմիլա Սարգսյանին դատի չի տվել, այլ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Սարգսյանի ներկայացրած փաստերը ստուգելու և արդյունքում մեղավորներին պատժելու նպատակով։ Այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանն aravot.am-ում հրապարկած «Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ» հոդվածում նշել էր, թե բուժհաստատություններում «ատկատների» չափը 5-10 տոկոս է կազմում։

«Ես շնորհակալ եմ տիկին պատգամավորին, որ ինքը բարձրացրեց այս հարցը, որովհետև ես վստահ եմ, որ նրա բարձրացրած հարցն այժմ գոյություն չունի։ Իր հայտարարությունը նա տարածել էր բուժհիմնարկներում պետպատվեր տեղադրելու ժամանակ՝ 5-ից 10 տոկոս ատկատների վերաբերյալ։ Ես գրավոր դիմեցի պատգամավորին և խնդրեցի մեզ տվյալներ ներկայացնել, և ինքը մեզ պատասխանեց, որ ինքը պարտավոր չէ դա անել։ Այդ իսկ պատճառով ես խնդրեցի գլխավոր դատախազին հետամուտ լինել հայտարարությանը», — ասել է Դումանյանը։

Նա նշել է, թե նախարարությունը որևէ բուժհիմնարկի չի ֆինանսավորում՝ «ֆինանսավորվում են բժշկական ծրագրերը, որոնք հաստատվում են ԱԺ-ում»։

«Մենք հաստատում ենք կողմնորոշիչ պատվերները, ֆինանսավորում ենք բուժված դեպքը և ոչ թե հիվանդանոցը», — նշել է բանախոսը։

Դումանյանն ընդգծել է, որ շատ է կարևորում Սարգսյանի հայտարարությունը, ինչպես նաև հետամուտ է լինելու, որպեսզի դեպքերը բացահայտվեն։