Home / Տեսանյութեր / «Ստվեր գցել» Տարոն Մարգարյանի գործի վրա․ ԱԺ-ն վերսկսել է աշխատանքները

«Ստվեր գցել» Տարոն Մարգարյանի գործի վրա․ ԱԺ-ն վերսկսել է աշխատանքները

Փետրվարի 3-ին՝ Ազգային ժողովի 2014 թվականի առաջին նիստի մեկնարկին, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ին մահացած զինվոր Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

Այսօրվա նիստն առաջինն էր ՀՅԴ-ական պատգամավոր Միքայել Մանուկյանի համար, ով ՀՅԴ խմբակցությունում փոխարինել է Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակված Վահան Հովհաննիսյանին: Նիստին ներկա է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով 5-րդ գումարման ԱԺ-ի նիստերի մեծամասնությունից բացակայել է:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գործարքին:

Հարցը բարձրացրել է ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով նշել է, թե գույքը օրենքի շրջանցմամբ է վաճառվել ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությանը: Նրա խոսքով՝ խախտվել են ԱԺ լիազորությունները, մասնավորեցման մասին օրենքը, համաձայն որի միայն շարժական գույքը կարող է առանց ծրագրի ընդունման վաճառվել:

«Ձեր կարծիքը չեմ կիսում: Կփորձենք մասնագետների հետ ճշտել, եթե պարզենք, որ Կառավարությունն իր լիազորությունները չարաշահել է, կանդրադառնանք այդ հարցին», – ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դեկտեմբերի 26-ին Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ ՀՀԿ-ական երիտասարդներ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, հայհոյել են նրանց։

Փաշինյանն ասել է, որ դա խուլիգանների որջ է և ղեկավարվում է բուհի ռեկտորի կողմից:

«Ինչու հեռացված չեն այդ խուլիգանները, ռեկտոր Աթոյանը, մի՞թե այն պատճառով, որ այդ խուլիգանները լուսանկարներ ունեն Ձեզ հետ, Սերժ Սարգսյանի հետ: Մի՞թե նշանակում է, որ նրանք ինդուլգենցիա ունեն խուսափելու քրեական հետապնդումից», – Հովիկ Աբրահամյանին հարցրել է Փաշինյանը:

«Ձեր տեսակետների հետ համամիտ չեմ։ Համարում եմ կոռեկտության սահմաններից դուրս», – ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա գնահատել է ՀՊՏՀ-ում կատարվածը որպես «շինծու գործողություններ», որով փորձ էր արվում ստվեր գցել Տարոն Մարգարյանի արածի վրա: 

Tekali Taxi