Փետրվարի 6-ին, 18։40-ին ադրբեջանցի զինվոր Էշգին Գուլիևը սպանվել է դիպուկահարի կրակոցից, հաղորդում է apa.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։
Ադրբեջանի ՊՆ-ի համաձայն, «հայկական ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը», և Գուլիևը սպանվել է «մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ»։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով մարտական դիրքում հերոսության համար զինվորը պարգևատրվել է «Զինվորական ծառայությունում դրսևորած գերազանցության համար» երրորդ աստիճանի մեդալով։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայաստանյան ԶԼՄ-ների հետ զրույցում հերքել է, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ավելի վաղ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել էին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են Սոչիում փետրվարի 7-ին մեկնարկելիք Օլիմպիական խաղերի ժամանակ պահպանել հրադադարի ռեժիմը։