հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Աղմկահարույց սպանության մեջ մեղադրվողի կալանքը ևս մեկ անգամ երկարացրեցին

Աղմկահարույց սպանության մեջ մեղադրվողի կալանքը ևս մեկ անգամ երկարացրեցին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդեն երրորդ անգամ երկու ամսվա կալանք է սահմանել 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Կարեն Կունգորցևի համար:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Կունգորցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Վերջինիս խոսքով՝ այս անգամ էլ կալանքը երկարաձգվել է նույն հիմքով. չկա համալիր դատաբժշկական փորձաքննության պատասխանը:

Փաստաբանն ընդգծել է, որ որոշումն անհիմն է, նույն հիմքով կալանքը երկարացնել չի կարելի, բացի դա՝ փորձաքննության պատասխանը կարող է դեռ երկար պատրաստ չլինել: Նշենք, որ փորձաքննություն անցկացնելու համար քննիչը միջնորդել էր ուշացումով՝ սպանությունից միայն երկու ամիս անց:

Այս անգամ Պապիկյանը միջնորդել է խափանման միջոցը փոխել և ազատել Կունգորցևին 5 միլիոն դրամ գրավի դիմաց, սակայն դատարանն այս դեպքում էլ մերժել է միջնորդությունը։

Կունգորցևը չի ընդունում իր մեղքը, իրավապաշտպաններն ու փաստաբանը մատնանշում են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը։

Երկրորդ անգամ կալանքը երկարաձգելու որոշումը փաստաբանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, որը, սակայն, որոշումն անփոփոխ է թողել:

Լուսանկարում՝ Վանաձոր ՔԿՀ