Արմեն Աշոտյանի համոզմամբ` բարձրացնելով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը՝ ոչ իշխանական չորս ուժերը կա'մ զուրկ են քաղաքական տրամաբանությունից, կա'մ իրականում համագործակցում են իշխանությունների հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Կրթության և գիտության նախարար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է, թե այն պարագայում, երբ Հանրապետականը խորհրդարանում մեծամասնություն ունի, ըստ էության, ձևական քայլ է՝ պահանջել միայն կառավարության հրաժարականը, քանի որ նոր կառավարությունը նույնպես կներկայացնի ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը և կիրականացնի իշխանական կոալիցիայի ծրագիրը:
«Եթե ոչ իշխանական ուժերը ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան է. այսինքն` նրանք համագործակցում են իշխանության հետ… Հետևաբար ցավով պետք է նշեմ այդ դեպքում, որ մենք չունենք ընդհանրապես ընդդիմություն հասկացություն: Եթե այդպես չէ, ապա ընդհանրապես հասկանալի չէ գործընթացի քաղաքական տրամաբանությունը: Եթե այդ ուժերը փորձում են հեծել սոցիալական, հասարակական շարժումները և այդ շարժումները դարձնել իրենցը, ապա այս դեպքում, վստահ եմ, քաղաքացիական հասարակության ակտիվիստները [դա] թույլ չեն տա», – ասաց Աշոտյանը` շարունակելով. «Մի այլ տարբերակ նոր մտքովս անցավ: Կարո՞ղ է մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, ուղղակի Տիգրան Սարգսյանի անհատական կերպարն է իրենց խոչընդոտում դա անել»:
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանում բարձրացնելու սեփական նախագիծն է մշակել, և, ինչպես «Ազատության» հետ զրույցում երեկ փոխանցել է խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, այժմ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջև քննարկումներ են գնում մեկ միասնական փաստաթուղթ ձևավորելու նպատակով: