Ուկրաինայում ծավալվող գործընթացները էական ազդեցություն են ունենալու հետխորհրդային երկրների ապագայի, հատկապես ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների, ինչպես նաև համաևրոպական անվտանգության և եվրոպական արժեքների հաստատման վրա: Այս մասին ասված է Մայդանի հետ համերաշխության նորաստեղծ հայկական կոմիտեի հռչակագրում:
Հայկական կոմիտեի նախաձեռնողները նշել են, որ հիացած են հանուն քաղաքացիական արժանապատվության պայքարող ուկրաինացի ժողովրդով և վճռականությամբ, որով թույլ չեն տալիս` իրենց հայրենիքը Հայստանից հետո դառնա Կրեմլի նեոկայսերապետական քաղաքականության հերթական ավարը:
Հռչակագիրը հիշեցնում է նաև, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ելած Հայաստանի քաղաքացիները նույնպես գնդակահարվել են 2008 թվականի Մարտի 1-ին:
«Համաժողովրդական շարժումը ճնշելու նպատակով իշխանությունները ներգրավեցին ոչ միայն ոստիկանությունը, այլև բանակը, դիպուկահարների ու զինվրական համազգեստ հագած քրեական տարրը: Պաշտոնական տվյալներով այդ օրը Երևանի կենտրոնում սպանվեց 10 քաղաքացի, ու մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության: Ուկրաինացիների ազատ կամարտահայտումը խեղդելու գործընթացը հստակ ուրվագծում է կառավարման նույն և Լուբյանկայում հղկված ձեռագիրը. իրավապահ մարմինները և հատուկ ջոկատայինները սադրիչների ու քրեական տարրի հետ համատեղ կազմակերպում և իրականացնում են զանգվածային անօրինականություններ, ծանր հանցագրծություններ»,- մասնավորապես, հիշեցնում են հռչակագրի հեղինակները:
Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն միջազգային հանրությանը և առաջին հերթին Եվրոպական Միությանը, ԱՄՆ-ին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում՝
– անհապաղ ձեռնարկել Ուկրաինայի քաղաքացիներին սպանդի ենթարկող իշխանություններից պաշտպանող եւ առաջին հերթին Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից հեռացնելու գործուն միջոցներ,
– Յանուկովիչի և նրա շրջապատի կողմից իրականացված հանցագործություններին տալ քաղաքական և իրավական գնահատական և նրանց նկատմամբ անհապաղ կիրառել տնտեսական ու քաղաքական խիստ պատժամիջոցներ,
– ստեղծել միջազգային տրիբունալ՝ ուկրաինացի պաշտոնական անձանց մասնակցությամբ, ինչպես նաեւ օտարերկրյա միջամտությամբ Ուկրաինայի պետականության ու ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունները բացահայտելու նպատակով:
Հռչակագրի տակ ստորագրել են․
Առուստամյան Գայանե- Երեւան, Հայաստան
Աֆրիկյան Կարինե- Լոս Անջելես, ԱՄՆ
Բարսեղյան Լեւոն- Գյումրի, Հայաստան
Գաբրելյան Հեղինե- Փարիզ, Ֆրանսիա
Եղիազարյան Բորիս-Կիեւ, Ուկրաինա
Մեհրաբյան Ռուբեն- Երեւան
Նավասարդյան Բորիս- Երեւան, Հայաստան
Հովհաննիսյան Զարուհի- Երեւան, Հայաստան
Հովսեփյան Ռուդիկ- Լոս Անջելես, ԱՄՆ
Սաքունց Արթուր – Վանաձոր- Հայաստան
Շահնազարյան Դավիթ- Երեւան, Հայաստան
Լուսանկարը՝ thekievtimes.ua