Home / Կանանց իրավունքներ / Ադրբեջանցի գրողի ուղերձը հայերին

Ադրբեջանցի գրողի ուղերձը հայերին

Հարգելի հայ ժողովուրդ,

1993 թվականին ես հարկադիր տեղահանվեցի Ջաբրայիլի շրջանից, որտեղ ծնվել ու մեծացել եմ։ Ղարաբաղյան պատերազմն ինձ զրկեց մեր տնից, իմ մանկությունից։ Այդ պատերազմն ինձ ու իմ հազարավոր հասակակիցներին վտարանդի դարձրեց, ովքեր ստիպված են ապրել դեգերումների մեջ, դարձավ վատ կրթություն ստանալու պատճառ։ Չեմ ուզում շատ խոսել այն մասին, թե ինչպես է պատերազմն ազդել իմ ու իմ հասակակիցների կյանքի վրա։ Աշխարհում բոլոր փախստականների կյանքը, կարելի է ասել, նույնն է։ Չնայած փախստականի կյանքի դժվարություններին, սակայն, ես չեմ կարծում եմ, որ դուք եք մեղավոր իմ առջև, այլ ես՝ ձեր առջև։

Դժվար է ամբողջ աշխարհում գտնել երկու ավելի նման ժողովուրդ, քան մենք ու դուք ենք։ Եթե չլիներ կրոնի տարբերությունը, ապա շատ հեշտ մեզանից հայեր դուրս կգային, իսկ ձեզանից՝ ադրբեջանցիներ։ Դառնալով հայեր՝ մենք աշխարհին կպատմեինք մեր դարավոր տառապանքների մասին ու կհպարտանայինք մեր հնությամբ, իսկ դուք կպարծենայիք ձեր ինը կլիմայական գոտիներով, մուղամով ու ազգային մենթալիտետով։ Ի դեպ, մեր երկրների ու ժողովուրդների տարիներով ապրածը, զոհերն ու դահիճներն էլ են շատ նման։

Ուզում եմ սկսել իմ դահիճներից։ Արդեն քսան տարի է՝ ադրբեջանցի ժողովուրդը տանջանքներ ու նվաստացումներ է հանդուրժում մի կլանից, որը կազմված է նախիջևանցի ու իրանցի ադրբեջանցիներից։ Երկիրը, բառի բուն իմաստով, ղեկավարվում է կլանի կողմից։ Ժողովուրդը դարձել է խաղալիք խոշոր ու փոքր տրամաչափի պաշտոնյաների, մտավորականների ձեռքին, որոնք իշխում են բացառապես տարածաշրջանային պատկանելության իրավունքով։ Նախագահից սկսած՝ մինչև ամենացածր պաշտոնյա, մտավորականից՝ հասարակական գործիչ՝ ոչ ոք չի թաքցնում, ընդհակառակը, պարծենում են այդ նեպոտիզմով, իրենց խնամիականությամբ ու հովանավորչությամբ։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ցույց տալիս AzTV կոչվող սուրբ տաճարը։ Նախագահի՝ շրջաններ կատարած այցերի ժամանակ շրջանային վարչությունների բոլոր ղեկավարները նախագահից մի քանի քայլ հետ են կանգնում ու համարձակվում են առաջ գալ միայն այն բանից հետո, երբ նա կանչում է։ Նախիջևան այցի ժամանակ, սակայն, նախագահն ամեն անգամ գրկում ու համբուրում է Վասիֆ Թալիբովին, նրա հետ մտերմիկ զրույց ունենում։ Օտարերկրյա դիտորդները նշում են, որ նախագահը խոսքի կեսից ընդհատում է բոլոր նրանց, ովքեր փորձում են ինչ-որ քննադատական խոսք ասել Թալիբովի հասցեին։ Վասիֆ Թալիբով անունով մարդը չի քննարկվում։ Վերջակետ։

Կարող եք ասել, որ նախագահն այնտեղ իր համար փոքր Հյուսիսային Կորեա է պատրաստում։ Ով գիտի, եթե հանկարծ ժողովուրդն արթնանա (չնայած՝ շատ եմ կասկածում), ոտքի կանգնի, հնարավոր կլինի Նախիջևանն անջատել երկրից ու այնտեղ նախագահի համար փոքր խանություն հաստատել։ Ասենք՝ այդպես է։ Իսկ Աքրամ Այլիսլիի՞ հարցը (Այլիսլին ծնունդով Նախիջևնից է – խմբ․)։

Աքրամ Այլիսլիին շատ եմ հարգում, անգամ՝ սիրում։ Նա, իրականում, այս երկրում այն հազվադեպ մարդկանցից է, ով կարող է իրեն գրող անվանել․ նա իր սերնդի միակ գրողն է։ Իսկական գրչի մարդ։ Չնայած տածածս հարգանքին, սակայն, համոզված եմ, որ «Քարե երազներ» ստեղծագործության համար նրան ներեցին միայն այն պատճառով, որ նախիջևանցի է։ Եկեք անկեղծ լինենք։ Այդ վեպը գրած մեկ ուրիշին, օրինակ Էլչինին, Անարին, Սեյրան Սահավեթին, վաղուց արդեն ոչնչացրած կլինեին։ Այդ գրողի ճակատագիրը սարսափելի կլիներ։ Աքրամին, սակայն, զրկեցին կոչումներից ու տիտղոսներից ու հանգիստ թողեցին։ Միսը կերան, բայց ոսկորը դեն չնետեցին։ Իսկ ժողովուրդը մի փոքր թփրտաց ու լուռ նստեց տեղը։

Քանի որ խոսք գնաց մտավորականության մասին, ասեմ, որ ծնունդով այդ շրջանից որևէ մտավորական անգամ չի վարանում խոսել «նախիջևանության» մասին։ Մտավորականները, գրչի մարդիկ չեն էլ ամաչում խնամիականությունից։ Թե Աքրամ Այլիսլին, թե Ռուստամ Բեհրուդին իրենց հարցազրույցներում ու ելույթներում սիրելի հեղինակներ են անվանում միայն նախիջևանցի գրողներին՝ Ջամիլ Մամեդղուլիզադե, Հուսեյն Ջավիդ, Մամեդ-Սայիդ Օրդուբադի․․․

Կամ դիտարկենք նախիջևանական կլանի վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ։ Հեյդար Ալիևը գլուխը խոնարհեց Աբուլֆազ Էլչիբեյի դագաղի առջև։ Էլչիբեյի շրջապատից բոլորին՝ Հուդրատ Հասանղուլիևին, Ֆազիլ Մուսթաֆային, Ֆարաջ Գուլիևին, պատգամավորներ դարձրեց։ Հանգուցյալ Աբուլֆազ Էլչիբեյի հարազատներն անգամ չեն էլ թաքցնում նրա գավառական միտումները։ Նրա նեպոտիզմը, ըստ էության, ակնհայտ է։ Երբ հայտնվեց ծանր իրավիճակում, իշխանությունը հանձնեց ոչ թե իր կողմնակիցներից մեկին, այլ ԿԳԲ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիևին։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով։ Հեյդար Ալիևը նախիջևանցի էր․․․

Մարդկանց գնահատում են՝ ըստ նրանց տարածաշրջանային պատկանելության։ Օրինակ, հարցնում են ինչ-որ նախիջևանցի մտավորականի կամ ընդդիմադիր գործչի մասին, թե ինչպիսի մարդ է նա։ Ասում ես՝ լավ մարդ է, նրան կարելի է վստահել։ Մարդիկ չեն հավատում։ Կասկածի տակ են դնում նրանց անկեղծությունը։ Քանի որ մեկ կամ մի քանի մարդիկ չեն կարող վերականգնել մի ամբողջ տարածաշրջանի հեղինակությունը, մաքրել մեղքերը։

Այս կլաններն արդեն 20 տարի է՝ իրենց ուզածի պես ղեկավարում են ժողովրդին։ Ժողովուրդը հանգիստ ընդունում է կուշտ, ինքնագոհ տերերի կողմից բոլոր ստորացումները։ Նրանք, ովքեր չեն հանդուրժում, դժգոհում են, դատապարտված են անասելի տանջանքների, նրանց այնպես են բռի մեջ հավաքում ու սանձում, որ դառնում են գառան պես խոնարհ։

Նրանք արդեն 20 տարի է՝ շեշտը դնում են ժողովրդի ամենավատ, ամենատգեղ հատկությունների վրա։ Ստիպում են մի կտոր հացի համար ամեն տեսակի վիրավորանքներ հանդուրժել։ Ժողովրդին ավելի խոնարհ, հնազանդ ու շնորհակալ ստրուկ դարձնելու համար՝ կործանում են մարդկանց կրթությունը՝ ստիպելով ապրել ծայրահեղ աղքատության մեջ, վարկաբեկում են գրքերը, գիտությունը, գիտնականներին, գրողներին։

Ժողովրդից գիրք խլելը, կրթությունը ոչնչացնելն ու տգիտություն խթանելը բնորոշ է միայն իրենց ժողովրդին անկեղծորեն ատող իշխանություններին։ Աստված իմ, ինչպե՞ս կարելի է այդպես ատել սեփական ժողովրդին։ Չէ՞ որ անգամ զավթիչներն այս ժողովրդին այսքան դաժան չեն վերաբերվել, չեն վիրավորել ու ստորացրել։

Պետք չէ հեռուն գնալ, վերցնենք, ասենք, ամենամոտ պատմությունը՝ Խորհուրդները։ Շատ բան կարող են ասել։ Ակնհայտ է մի անհերքելի փաստ․ ռուսները թե մեզ, թե մնացած բոլոր գրավված ժողովուրդների ձեռքը գիրք տվեցին։ Երկրում չմնաց գյուղ, որտեղ դպրոց չլիներ։ Որքան արտասահմանյան գրականություն թարգմանեցին մեր լեզվով։ Քանի ադրբեջանցի գրողներ, սովորելով ռուսաց լեզուն, այդ լեզվից թարգմանեցին դասականներին։ Այդ թարգմանությունների որակը հնարավոր չէ կասկածի տակ դնել։ Իսկ մենք, նրանց շնորհիվ, ճանաչեցինք մեծ թվով արտասահմանյան հեղինակների։ Գյուղերում, թեկուզ փոքր թվով, կային ուսուցիչներ, մտավորականներ, ովքեր բաժանորդագրվում էին գրական ամսագրերի ու մաս առ մաս կարդում այս կամ այն ստեղծագործությունները։ Բնակչության հարյուր տոկոսը կարող էր կարդալ ու գրել։ Այսօր էլ գրել, մի քանի բառ իրար կապել կարողացող մարդկանց մեծամասնությունը կրթություն է ստացել խորհրդային ժամանակներում։

Իսկ այսօ՞ր։ Հարավային ու հարթավայրային շրջաններում աղջիկների մեծ մասը դպրոց չի հաճախում։ Բուհերում դիմորդների թիվը ամեն տարի կտրուկ նվազում է։ Գրել կամ կարդալ չիմացող մարդկանց թվի աճը սովորական երևույթ է դառնում։ Երկրում տոտալ անգրագիտություն, տգիտություն է տիրում։ Օրերս ծանոթներիցս մեկը, ով աշխատում է բջջային կապի օպերատորներից մեկի սպասարկման գրասենյակում, ինձ պատմեց, թե ինչպես ուղիղ 20 թոպե չէր կարողանում մի երիտասարդի բացատրել՝ ինչ է ստորակետը։ Իսկ երբ փորձել է բացատրել, որ դա «պոչիկով վերջակետն» է, պարզվել է, որ երիտասարդը «վերջակետին» էլ ծանոթ չէ։

Մի փոքր լավ կամ վատ՝ նույն իրավիճակն է նաև ձեզ մոտ [Հայաստանում]։ Դուք տառապում եք ղարաբաղյան կլանի պատճառով։ Աղքատությունն ու թշվառությունը պատում են ձեր երկիրը։ Հազարավոր հայերի գերիների պես պահում են Ղարաբաղում։ Թշվառ մարդկանց, որոնց դարձրել են պատմության, գաղափարի, ազգային շահերի պատանդներ, բռնի կերպով պահում են որևէ ենթակառուցվածք, մշակութային միջավայր ու հարմարություն չունեցող շրջաններում, քանի որ պետք է ցույց տալ՝ Ղարաբաղը բնակեցված է հայերի կողմից։ Իսկ մարդիկ այդ հողերում ապրում են միայն Մեծ Հայաստանի գաղափարի համար։ Հնարավորություն ունենալու դեպքում, այդ խեղճ հայերը կհեռանային այդ որբ, ամայի, ամռանը մեկ, ձմռնանը հազարավոր խնդիրներ ունեցող տարածքներից, կտեղափոխվեին մեծ քաղաքներ ու կապրեին նորմալ, մարդավարի կյանքով։

Չեմ ուզում երկար թվարկել՝ դուք, որպես ազգ, ինչ եք հանդուրժում։ Դուք ինձնից լավ գիտեք ձեր խնդիրները։ Պարզապես ուզում եմ՝ իմանաք, որ մենք էլ ենք ձեզ հասկանում։ Հասկանում ենք, որ մեր ժողովուրդները նույն խնդիրներն ունեն, մեզ նույն մարդիկն են բաժին ընկել, ու մեզ կառավարելու շարժառիթներն էլ չեն տարբերվում։

Որպեսզի չվերածվենք վրեժխնդիր թշնամական ցեղերի, որոնք թշնամուն տապակում են կրակի վրա և ուտում, պատմության մեջ չմնանք որպես վայրի ժողովուրդներ, հարաբերություններում լարվածությունը գոնե մի փոքր թուլացնելու համար Հայաստանի ու Ադրբեջանի մտավորականությունը պետք է չլռի։ Այս դժվար, լարված տարիներին երկու երկրների մտավորականությունը պետք է հանդես գա այս թշնամանքի ու լարվածության դեմ։ Պետք է հնարավորինս խոսվի ճշմարտության մասին։ Պետք է լինեն միջոցներ՝ անհրաժեշտության դեպքում միմյանցից ներողություն խնդրելու համար։

Ես ուզում եմ առաջիններից մեկն անել այդ քայլը․ որպես ղարաբաղցի՝ ներողություն եմ խնդրում ղարաբաղցիների կողմից սեփական ժողովրդին պատճառած տառապանքների ու ձեր դժվարությունների, տանջանքների համար։

Կրկնում եմ, սակայն, որ մեկ մարդն ի վիճակի չէ մաքրել իր տարածաշրջանի մեղքերը, միայնակ հնարավոր չէ վերականգնել մի ամբողջ տարածաշրջան․․․

Գյունել Մովլուդ, գրող

Հրապարակվել է Meydan.tv կայքում