Ներկա պահին Ուկրաինա ռուսաստանյան զորքեր մտցնելու անհրաժեշտություն չկա։ Ռուսաստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Զորքեր մտցնելու կապակցությամբ ասեմ՝ դեռևս նման անհրաժեշտություն չկա: Բայց նման հնարավորություն կա»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռուսաստանյան զորքերը կօգտագործվեն միայն ծայրահեղ դեպքում ու օրինական հիմքերով։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ եթե Ուկրաինայի հարավային շրջաններում անկարգություններ սկսվեն, ու եթե այնտեղ բնակվող մարդիկ Ռուսաստանից օգնություն խնդրեն, ապա երկիրն իրեն իրավունք կվերապահի օգտագործել բոլոր ունեցած միջոցները՝ այդ քաղաքացիներին պաշտպանելու համար։
«Մենք ուկրաինական ժողովրդի դեմ չենք պատերազմելու։ Եթե անգամ զորքեր մտցնելու մասին որոշում ընդունենք, ապա միայն քաղաքացիների պաշտպանելու նպատակով։ Մենք չենք ձգտում ինչ-որ մեկին ստրկացնել, ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրել, բայց, իհարկե, չենք կարողանա անտարբեր մնալ, եթե տեսնենք, որ [ռուսալեզու բնակչությանը] սկսում են հետապնդել, ոչնչացնել, նվաստացումների ենթարկել։ Շատ կուզենայի, որ դրան չհասներ»,- նշել է Պուտինը։
Խոսելով Ուկրաինայի նախկին նախագահի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը քաղաքական ապագա չունի ու Ռուսաստանը նրան աջակցություն է ցուցաբերել՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։ «Կարծում եմ, նրան [Ուկրաինայում] ուղղակի կսպանեին։ Նա չի հրաժարվել եվրաինտեգրման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, այլ գործել է իր իրավասության շրջանակներում։ Յանուկովիչին տեսել եմ 2 օր առաջ, նա ողջ-առողջ է ու ձեզ էլ է նույնը մաղթում։ Ես նրան չեմ կարեկցում, բոլորովին այլ զգացմունքներ ունեմ»,- հայտարարել է ՌԴ նախագահը՝ նկատի ունենալով Յանուկովիչի մահվան մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը։