Երբ Պայմանագիրը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իշխանությունից, դա տեղի կունենա հայտարարությունից մեկ ամիս հետո: Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի` այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք իշխանափոխության մեր ծրագիրը, որն այսօր և նախկին փաստաթղթերում ներկայացրել ենք: Այդ ծրագիրն անցնում է ինստիտուցիոնալ փոփոխության, ստվերային կառավարության ստեղծման ճանապարհով: Բայց եթե կան իշխանափոխություն անելու այլ առաջարկներ, մենք պատրաստ ենք քննարկել: Մենք ասում ենք, որ մարդկանց չենք հիասթափեցնելու: Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին, այն պահին, երբ Պայմանագիրը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կհեռանա իշխանությունից, դա կլինի մեկ ամիս հետո: Մենք՝ որպես քաղաքական գործիչներ, պատրաստ ենք հետագայում էլ կրել այդ զրկանքները, բայց մեզ համար խնդիրն այն է, որ Ազատության հրապարակը և ՀՀ քաղաքացին չպետք է հիասթափվեն, չպետք է կոտրվեն»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը։
Խոսելով այլ ուժերի հետ Պայմանագրի համագործակցության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրենց հայտարարության մեջ նշված է, որ համագործակցություն լինելու է քաղաքացիական անձանց հետ: Իսկ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ իրենք նախկինում էլ ասել էին, որ համագործակցության մասին խոսելիս, պետք է շատ հստակ լինի, թե այդ համագործակցությունն ինչի համար է։ Պատգամավորը նշել է, որ իրենց դիրքորոշումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։