Գավառ քաղաքից անջատվելու ու կրկին գյուղի կարգավիճակ ստանալու պահանջով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող հացառատցիները գրավոր դիմում են հանձնել գործադիր մարմնին՝ վստահեցնելով, որ առանձնանալու դեպքում կսկսեն մարդավայել ապրել։ Epress.am-ի հետ զրույցում հացառատցիները ներկայացրել են խնդիրը՝ նշելով, թե այն մի քանի տարվա պատմություն ունի։
Նորիկ Գևորգյանը պատմել է, որ 1961 թվականին հանրապետական ենթակայության քաղաք դարձնելու նպատակով իրենց գյուղը միացրել են նախկին Կամոյին՝ այժմյան Գավառին, սակայն մինչ օրս իրենց համայնքում որևէ առաջընթաց չի գրանցվել։
«Մենք ուզում ենք մեր գլխի ճարը տենանք՝ ոչ ամբուլատորիա ունենք, ոչ մանկապարտեզ, ոչ խմելու ջուր։ Սևանը մեզնից ա գնում, ուրիշներին ա ջուր տալիս, բայց մենք 2-3 ժամ ջուր ունենք օրվա մեջ՝ ֆրանսիացիք առել, եկել, նստել են էդ ջրի վրա։ Հարցերը շատ են, հիմա նայում ենք կողքի գյուղերին, առաջ էնքան հետամնաց էին, հիմա փայլում են լույսերի մեջ՝ ջուրը կա, մանկապարտեզներ ու հանգստանալու վայրեր կան, ծերերն ու երիտասարդները զբաղմունքի տեղ ունեն, ճանապարհները նորոգված են, իսկ մեր քաղաքապետը ոչ մի բան չի անում», – նշել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ 12 հազար բնակիչ ունեցող նախկին Հացառատում բոլորն են կողմ որոշմանը։
«Այս պահին 400-500 հոգով եկել ենք բողոքելու, ու կարող է թվալ, թե մեր շահերից ելնելով ենք նման բան առաջարկում, բայց ամբողջ գյուղը կանգնած է։ Ինչքան հավատացինք քաղաքապետին, թե լավ կլինի, կփոխվի, մեզ հաշվի կառնեն, էն էլ տեսանք, որ ամեն ինչ ավելի է վատանում։ Մենք համարվում ենք քաղաքի ապրողներ, զրկված ենք ամեն ինչից, բայց քաղաքի բնակիչները ունեն մի շարք արտոնություններ, որոնցից օգտվել մենք չենք կարող», – ասել է Գևորգյանը։
Վերջինս նաև շեշտել է, որ պահանջից կհրաժարվեն միայն այն դեպքում, երբ քաղաքապետը բարելավի իրենց վիճակը ու կապրեն հավասար իրավունքներով, ինչպես գավառցիները։
Մանրամասները՝ տեսանյութում