Տարածաշրջանում չկա այնպիսի օբյեկտ, որը կարող էր խաղալ Ղրիմի դերը, և չկա նաև նմանություն Ուկրաինայի հարավ-արևելքի հետ, ուստի այս թեմայով զուգահեռներն այնքան էլ ճիշտ չեն։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև անցկացվող զուգահեռներին:
Քաղաքագետի խոսքով՝ իրականում միջնորդներից որևէ մեկը չի ցանկանում ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն այս կամ այն կողմի օգտին, քանի որ առաջին հերթին` Ռուսաստանն է ուզում, որ ստատուս-քվոն պահպանվի, իսկ ամերիկացիները և ֆրանսիացիները հիմնվում են այն ենթադրության վրա, որ ստատուս-քվոն կշարունակվի դեռ շատ երկար տարիներ:
Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ են ամերիկացիներն անընդհատ շեշտում ստատուս-քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին, Վադիմ Դուբնովը պատասխանել է, որ ամերիկացիները, իհարկե, կուզենային լուծել այս հարցը, բայց ինքը չի կարծում, թե նրանք հավատում են, որ այդ ստատուս-քվոն կարող է փոխվել. «Դա պարզապես մի արտահայտություն է, որը ոչ ոքի ոչինչ չի պարտավորեցնում: Վերջիվերջո, ոչ վաղ անցյալում Պուտինը նույնպես Բաքվում խոսում էր այն մասին, թե ստատուս-քվոն հավերժ չէ, և Ռուսաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սրանք պարզապես խոսքեր են, որոնք ոչ մի նշանակություն չունեն, և միջնորդ երկրների բանակցային ողջ գործունեությունն իրականում անիմաստ է ճիշտ այնքանով, որքանով այն չի հանդիսանում կոնսենսուսային»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում