Մարզահամերգային համալիրի էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է օրենքի խախտումներով։ Այս մասին ասված է Համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիա Ադունցի հաղորդագրության մեջ։
«Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» և «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքների, ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական, տարածքային (մարզային) բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ։ Քանի որ Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ, հետևաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երևան քաղաքի բաժին և համապատասխանաբար վեց վարչական շրջանի բաժանմունք, օրինակ, ինչպես ԴԱՀԿ-ի Արարատի մարզային բաժին և Մասիսի տարածաշրջանի բաժանմունք, Կոտայքի մարզային բաժին և Եղվարդի տարածաշրջանի բաժանմունք», – ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, չի կարող գոյություն ունենալ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին, հետևաբար նրա կողմից աճուրդի վերաբերյալ որոշումը առ ոչինչ է՝ կայացման պահից։
«Առ ոչինչ վարչական ակտն իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է։ Վերոհիշյալ հիմքերով ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ ճանաչելու ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի որոշումը էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ», – ասված է հաղորդագրության մեջ։