Home / Տեսանյութեր / Սեփականաշնորհման աճուրդների կոռուպցիայի հարցը՝ առաջին անգամ ՄԻԵԴ-ում

Սեփականաշնորհման աճուրդների կոռուպցիայի հարցը՝ առաջին անգամ ՄԻԵԴ-ում

Հայաստանում պետական ու համայնքային հողերի սեփականաշնորհման փակ ու կասկածելի աճուրդների հարցը առաջին անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: ՄԻԵԴ-ը «Թամրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով կոմունիկացրել է ՀՀ կառավարությանը, այսինքն՝ պատասխաններ է պահանջել կառավարությունից։

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան Արա Ղազարյանը, ով վստահություն է հայտնել, որ ՄԻԵԴ-ը քաղաքացու օգտին վճիռ է կայացնելու: Նա ասել է, որ սա շատ կարևոր նախադեպ է, քանի որ համայնքային հողերի վաճառքի գործընթացը լրագրողների համար փակ է կատարվում, ուստի հանրային վերահսկողության տակ չէ, լի է կոռուպիոն ռիսկերով և բազում դատական վեճերի առիթ է դառնում:

ՄԻԵԴ դիմած Բաբկեն Թամրազյանը 25 տարի շարունակ մշակել է պետական հողատարածքն ու բարեկարգել այն։ Փաստաբանի խոսքով, սակայն, Հաղարծին համայնքին պատկանող հողատարածքը առանց Թամրազյանի գիտության վաճառվել է տեղական մի օլիգարխի, ով նշված հողատարածքում խաղատուն կառուցելու նպատակ է ունեցել։

Թամրազյանը դիմել է վարչական դատարան՝ ներկայացնելով ապացույցներ, այդ թվում՝ համայնքի հետ ունեցած պայմանագիրը, և շահել է գործը։ Վճռաբեկ դատարանում, սակայն, վճիռը բեկանվել է:

«Խախտվել է Թամրազյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով գնելու նախապատվության իրավունքը: Դա այն իրավունքն է, որ եթե մարդը 10 տարի և ավելի մշակում է համայնքային հողատարածքը, ապա համայնքը այն վաճառել ցանկանալու դեպքում նախ պետք է այդ մշակողից հարցնի՝ արդյոք ուզում է գնել այն, հետո կարող է դնել աճուրդի»,- ասել է Ղազարյանը:

Իրավաբանի խոսքով՝ Բաբկեն պապիկը շարունակում է հողատարածքը մշակել, իսկ խաղատունն այդպես էլ չի կառուցվել: