Արդեն մի քանի ամիս է, ինչ Մաշտոցի պողոտայի նոր կանգառներում օր ու գիշեր ռադիո կամ երաժշտություն է հեռարձակվում: «Չորրորդ իշխանությունը» գրում է, որ երեկ թերթի թղթակցի հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել այդ կանգառներում տիրող աղմուկի առթիվ։
«Կամ անկապ երաժշտություն է միացրած, կամ իրենց ուզած ռադիոն է միացրած, ինչ-որ լուրեր են, բայց մարդ լսում է ու ոչինչ էլ չի հասկանում: Ու պետք էլ չի: Ես նույնիսկ տանը այդ ռադիոները չեմ լսում, որովհետև գիտեմ, որ ինչ ասում են սուտ են ասում, բայց մի հատ էլ ստիպված եմ կանգառում կանգնած ժամանակ այս աղմուկին դիմանալ»,- ասել է դժգոհ քաղաքացիներից մեկը։
Նրանցից մյուսն էլ նշել է, որ ինչպես շատ բաներ Հայաստանում, այս դեպքում նույնպես գաղափարը լավն է, սակայն կատարումն է շատ վատը: «Երևի գնացել են եվրոպաներում ման են եկել ու որոշել են մեզ մոտ անել այսպիսի մի բան, բայց սրանք չեն հասկանում, որ սա արտաքին բան է, սա մարդկանց հարմարություն չի բերում: Եթե ուզում են, որ մարդիկ հաճույքով երթևեկեն կամ տրանսպորտ սպասեն, թող տրանսպորտի խնդիրները լուծեն, ոչ թե նույնը թողնեն ու մարդկանց ստիպեն փտած տրանսպորտում կռացած, բայց գեղեցիկ երաժշտության տակ երթևեկել»,– մեջբերում է թերթը։
Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։