Home / Տեսանյութեր / «Փարաջանովը ռուս չէ»․ բողոք՝ Նյու Յորքում ռուսական մշակույթին նվիրված միջոցառման դեմ

«Փարաջանովը ռուս չէ»․ բողոք՝ Նյու Յորքում ռուսական մշակույթին նվիրված միջոցառման դեմ

«Ռուսական ժառանգության ամիս» միջոցառումների շրջանակներում Նյու Յորքում հունիսի 17-ից հուլիսի 10-ը ցուցադրվելու են Սերգեյ Փարաջանովի գործերը: Այս լուրը Հայաստանի և սփյուռքի մի խումբ հայերի մոտ վրդովմունք է առաջացրել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ծավալված քննարկումների ժամանակ դժգոհող հայերը գրել են, որ միայն խորհրդային տարիներին էր, որ բոլոր 15 հանրապետությունների հաջողակ արվեստագետներն ու գիտնականները ներկայացվում էին որպես ռուսներ, իսկ անկախությունից հետո չի կարելի թույլ տալ՝ այդ պրակտիկան շարունակվի: ԱՄՆ-ում բնակվող հայերից ոմանք սփյուռքի կառույցներին կոչ են արել թույլ չտալ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը, հատկապես, որ միջոցառման իրազեկման պաստառների վրա նույնիսկ չի հիշատակվում Փարաջանովի հայ լինելը: Դժգոհություն է առաջացրել նաև այն, որ միջոցառման կազմակերպիչների թվում է Փարաջանովի անվան թանգարանը, ինչպես նաև՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, այսինքն՝ բացառվում է, որ կազմակերպիչները չգիտեին՝ Փարաջանովն ազգությամբ ով է:

Այս բողոքի ալիքը, սակայն, անհասկանալի է Փարաջանովի թանգարանի փոխտնօրեն Վիգեն Բարխուդարյանի համար: Նա Epress.am-ի հետ զրույցում ասել է. «Շատ սխալ են հասկացել: Ոչ ոք չի ասում, որ Փարաջանովը հայ չէ: Սակայն իր արվեստը պատկանում է ամբողջ աշխարհին: Հայերը նայում էին նրա նկարներին, չէին հասկանում․ հետագայում աշխարհը գնահատեց նրան: Հիմա չի ստացվել առանձին ցուցադրություն կազմակերպել, ստացվել է՝ Ռուսական օրերի շրջանակներում։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ»։

Նա վստահեցրել է, որ աղմուկի առիթ չկա, քանի որ նման բաներ հաճախ են տեղի ունենում: Թանգարանի փոխտնօրենը հիշեցրել է, որ Կաննի կինոփառատոնում Ուկրաինան հայտարարել էր, որ Փարաջանովի «Սայաթ-Նովա» ֆիլմն ինքն է ներկայացնում, թեև դա այդպես չէր:

«Փարաջանովն իր կյանքի մի մասը ապրել է Ռուսաստանում, ուներ շատ ռուս ընկերներ: Մշակույթի օրերին մասնակցելու մեզ հրավիրել են Ռուսաստանից, մենք էլ համաձայնել ենք»,- եզրափակել է Բարխուդարյանը: