Home / Հայաստան / «Ո՞ր հիմարը հանուն ոստիկանության 4-7 տարի կնստի»․ «ՀԺ»-ի զրույցը Հայկ Կյուրեղյանի հոր հետ

«Ո՞ր հիմարը հանուն ոստիկանության 4-7 տարի կնստի»․ «ՀԺ»-ի զրույցը Հայկ Կյուրեղյանի հոր հետ

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի ընթացքում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, լրատվամիջոցներից է տեղեկացել որդու արձակած կրակոցների, ինչպես նաև ձերբակալության մասին։ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը երեկ զրուցել է Արմենակ Կյուրեղյանի հետ։ 

– Պարոն Կյուրեղյան, դուք տեղյա՞կ էիք, որ ձեր որդին պատրաստվում է նման քայլի գնալ: Ի՞նչն է եղել պատճառը, ձեզ ի՞նչ է հայտնի:

– Ես իմացել եմ լրատվական միջոցներից։ Ինձ դեռ տեսակցության իր հետ թույլ չեն տալիս։ Ինքը Շանթ Հարությունյանի հետ այնքան է ծանոթ, ինչքան բոլոր միտինգ գնացողները, այսինքն՝ Շանթի հետ ինքը անձնական շփում չի ունեցել: Դե պատկերացրեք, այս երկրում, նման իրավիճակում ցանկացած մարդ կարող է նման ձևով իրեն պահել: Որդիս ակտիվ անձնավորություն է եղել, ակցիաներին մասնակցել է:

– Պ․ Կյուրեղյան, դուք տեղյա՞կ էիք, որ ձեր որդու մոտ կա գազային ատրճանակ: Այդ ատրճանակն իրե՞նն է թե՝ ոչ:

– Ոչ: Ես տեղյակ չեմ եղել ատրճանակից: Բայց իմ կարծիքով, իրենն է եղել: Ես մտածում եմ, որ իր պայքարը ոչ թե ոստիկանների՝ այլ համակարգի դեմ էր: Նշեմ, որ երեկ (նախօրեին) ոստիկանները խուզարկել են մեր բնակարանը և իր դարակից հանել են ատրճանակի տուփը, որ գնված է եղել: Այսինքն, ինքը այդ գազային ատրճանակը ձեռք է բերել օրինական ճանապարհով: Ինքը իմ որդին է, և ես մինչև վերջ իր կողքին եմ կանգնելու։ Նա արդարություն է ուզում վերականգնել։

– Տեսակետ կա նաև, որ ձեր որդուն ոստիկանությունն էր ուղարկել, ինչպես նաև նշում են, որ նա սադրիչ է: Այս մասին ի՞նչ կասեք:

– Դա լրիվ սուտ բաներ են, տենց բան չի կարող լինել, դա մարդկանց ֆանտազիան է: Մարդը իր ազատությունից է զրկվել, էդ ո՞ր հիմարը կգնա կասի 4-7 տարի նստեմ հանուն ոստիկանության, տենց բան լինել չի կարող, ինքը այդ տղան չէ: Ինքը պատմվածքներ է գրում, որ կարդաք ձեզ պարզ կլինեն իր մտքերն ու գաղափարները:

– Պ․ Կյուրեղյան, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, որտեղ սովորել է ձեր որդին, իրեն ճանաչում են որպես Արեգ: Ճի՞շտ է դա, թե՝ ոչ:

– Արեգը մյուս որդիս է: Ես երեք որդի ունեմ: Արեգը Հայկի հետ սովորել է նույն համալսարանում:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղբանտարկյալների գործով առաջին դատական նիստի մեկնարկին, Հայկ Կյուրեղյանը դատարանի շենքի առաջ օդաճնշական ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ՝ փորձելով խոչընդոտել «Շանթին անարդար դատելը»:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Tekali Taxi