Շուրջ 11 ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքը նրանից երկար սպասված 5 նամակ է ստացել՝ տեղ-տեղ ջնջված տողերով։ Epress.am-ի հետ զրույցում այս մասին պատմել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի աշխատակիցներից մեկը, ով փոխանցել է նամակները, պարզաբանել է, որ նամակներում որոշ նախադասություններ ջնջվել են իրենց կողմից։
«Հունիսի 11-ին գրասենյակից զանգեցին, տեղեկացրին, որ նամակներն իրենց մոտ են, սակայն հանձնել չեն կարող, քանի որ պատասխանատուներից ու ղեկավարությունից ոչ ոք տեղում չէ։ Երեկ այցելել եմ Կարմիր խաչ, աշխատողներից մեկը, ում պաշտոնը չգիտեմ, նամակներն հանձնեց ու ասաց՝ «ջնջել ենք, քանի որ պետք չի եղել, որ դուք տեսնեք, թե ինչ է գրված»։ Ինձ, մորս, հորս, քրոջս ու մորաքրոջս ուղղված առանձին նամակներ են՝ միայն իմ ու մամայի նամակներում ջնջումներ կան։ Մի տող իմ, 7 տող մամայի մոտից է ջնջված»,- պատմել է մեր զրուցակիցը։
Վերջինս ընդգծել է, որ նախկինում ստացված նամակների համեմատությամբ, վերջինների բովանդակությունը գրեթե չի փոխվել՝ «ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա ու, չնայած դժվարություններին, շատ շուտով այս ամենը կանցնի»։
«Գրել է, որ երրորդ երկիր տեղափոխվելու համար անգլերեն է պարապում, այդ մասին մեզ կտեղեկացնի Կարմիր Խաչի միջոցով, ու վերջ՝ դրանից հետո ջնջված է։ Հակոբը սև գրիչով է գրել, ջնջումներն էլ սև գրիչով են արվել ու եթե փորձենք վրայի շերտը ջնջել, տակի եղածն էլ կջնջվի։ Գրասենյակի աշխատակիցը նաև ասում էր, որ իրենց օրենքներին հակասող խոսքեր են եղել ու ջնջել են՝ գաղտնիությունը պահելու համար»,- ասել է Ինջիղուլյանը։
Նա նշել է, որ հունիսի 16-ին պատրաստվում է այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի պատվիրակ Սառա Էպրեխտին ու պարզաբանումներ ստանալ, թե ում ընտրությամբ են ավելորդ համարվել նամակի այն տողերը, որոնք ջնջվել են գրասենյակի աշխատակիցների կողմից։
«Միգուցե իրենց համար կարևոր չէր, բայց մեր՝ սպասողական վիճակում գտնվող ընտանիքի համար նշանակություն ունեն ամեն տառն ու բառը»,- եզրափակել է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ընթացքում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: