Հայաստանում ԽՍՀՄ ամբողջատիրության շրջանի քաղաքական բռնաճնշումների բացահայտմանն ուղղված ազգաբանական հետազոտության արդյունքում ստեղծվել է «Armenia total(itar)is» (Ամբողջ(ատիր)ական Հայաստան) կայքը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր` ՆՓԱԿ-ում։
Հետազոտության հիմնական աղբյուրը մարդիկ են՝ իրենց ապրած կյանքով, լինեն նրանք ամբողջատիրական ժամանակաշրջանի ուղղակի կամ անուղղակի զոհերը, թե` նրանց ժառանգները:
Ծրագրի ղեկավար Հրանուշ Խառատյանը Epress.am-ի հետ զրույցում բացատրել է՝ ինչով է կարևորում հետազոտությունը։ Նախ, ըստ նրա, մինչ այժմ չկա այդ շրջանի մասին պատմագիտական ուսումնասիրություն, երկրորդը, անկախ Հայաստանում ոչ քաղաքական բռնության խնդիրն է ուսումնասիրվել, ոչ ապահովվել է բռնադատվածների ռեաբիլիտացիան։ Երրորդը, հասարակական գիտակցության մեջ հիշվում է բացառապես 1949 թվի հունիսի 14-ը, իսկ 30-ականների բռնաճնշումները մնում էին ընտանեկան հիշողության մակարդակի վրա։
Խառատյանն ասել է, որ ուսումնասիրությունը իրականացնելու համար ԱԱԾ-ն տրամադրել է շատ քիչ ինֆորմացիա, այն է՝ դատավճիռը, իսկ գործի մանրամասները փակ են պահում՝ պատճառաբանելով, թե դրանք անձնական կյանքի մանրամասներ են։
Ժամանակի ընթացքում փոխվել է նաև բռնադատվածների մասին օրենսդրությունը՝ ի վնաս նրանց իրավունքների և ռեաբիլիտացիայի իրականացման հնարավորության։
Նախագծի հեղինակները շնորհանդեսի ժամանակ նշել են, որ կարևորում են հետազոտությունը նաև նման քաղաքական բռնաճնշումները կանխելու առումով, քանի որ նման անպատասխանատու վերաբերմունքը անցյալի հանդեպ այս երևույթների կրկնությունը բացառելու կամքի գույության մասին հույս չի տալիս։
«1949 թվականին բռնագաղթեցվում էին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները, նրանց ազգությունը չէր նշվում, սակայն պարզ է, որ 90 տոկոսը հայեր էին։ Բռնադատվում էին նախկին հունահպատակները, թուրքահպատակները և դաշնակցականները, իսկ դրանք հայեր էին։ Հետագայում՝ հայ ժողովրդի անունը բռնագաղթված ժողովուրդների ցանկում չկար։ Մեր աքսորվածներից մի քանիսին ինքնության թուղթ էին տալիս Ալթայի երկրամասում, դրանց մեջ գրվում էր, որ նրանք թուրք են։ Մարդիկ խենթանում էին, ասում էին` ինչ ուզում եք գրեք, կորեացի գրեք, թուրք մի գրեք։ Մինչև այսօր էլ, երբ հրապարակվում են բռնադատվածների ցուցակներ, թուրք բառը կա, հայը՝ ոչ»,- պատմել է Հրանուշ Խառատյանը։
Մանրամասները` տեսանյութում: