Home / Տեսանյութեր / Կարմիր գծեր չպետք է լինեն, կայանատեղին հանրային սեփականություն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարմիր գծեր չպետք է լինեն, կայանատեղին հանրային սեփականություն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հետամուտ է լինելու վճարովի կայանատեղիների, արագաչափերի և ճանապարհային խախտումների տուգանքների հետ կապված պահանջների վերջնական կատարմանը։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ հանդիպմանն ասել են նախաձեռնության անդամներ Արմեն Մանվելյանը և Արտաշես Միսակյանը։

Նախաձեռնության 4 հիմնական պահանջն է վերացնել վճարովի կայանատեղիները, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի կողմից ֆիքսած տուգանքների չափը, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր, ընդունելի կանոնակարգ։

Մանվելյանը նշել է, թե ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի բոլոր այն որոշումները, որոնք նախատեսում են սեպտեմբերից նվազեցնել արագաչափերի արձանագրած տուգանքների չափերը, ինչպես նաև վճարովի կայանատեղիների համար նախկին 5 անվճար րոպեները 15 դարձնել, իրենց պահանջների հետ կապ չունեն:

Միսակյանի խոսքով՝ դա ժամանակավոր խաբկանք է, մինչդեռ իրենց համար միակ լուծումը վճարովի կայանատեղիները սահմանող կարմիր գծերի վերջնական կասեցումն է:

«Ինչի՞ համար մենք պետք է վճարենք մեր քաղաքում կայանելու համար, դա համարվում է հանրային սեփականություն: Իշխանությունները շատ բաներ կարող են ասել, բայց թող համաձայնեցնեն մեզ հետ, մենք իրենց նշանակել ենք, որ ծառայեն ժողովրդի շահերին», -ասել է բանախոսը։

Նախաձեռնության անդամները հայտարարել են, որ վաղը կայանալիք անհնազանդության ավտոերթի ընթացքում ևս ներկայացնելու են իրենց չորս պահանջները։

Tekali Taxi