Գյումրու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է իր պաշտոնը թողնելու և իր անձնական փաստաբանական գրասենյակը հիմնելու մասին, հայտնում է asparez.am-ը։
«[Որոշումը] որևէ կերպ կապված չի աշխատանքից ազատելու կամ, ինչպես երբեմն փորձում էին գրել՝ աշխատանքից հեռացնելու հետ: Մենք պարոն Բալասանյանի (Սամվել Բալասանյան՝ Գյումրիի քաղաքապետ)- խմբ․ հետ շատ փոխըմբռնումով և լավ աշխատանք ենք կատարել, ինչպես մինչև քաղաքապետարան տեղափոխվելը, այնպես էլ ՝ քաղաքապետարանում», – ասել է Մալխասյանը:
Լրագրողների հետ զրույցում Մալխասյանը չի ժխտել, որ այսօր պետական պաշտոնն այլևս գրավիչ չէ: Նա ասել է, որ փաստաբանի աշխատանքը շատ ավելի եկամտաբեր և ավելի բարձր վարձատրվող է, քան փոխքաղաքապետինը: Asparez.am-ը նշում է, որ փոխքաղաքապետի պաշտոնում Մալխասյանը ստացել է մոտ 250.000 դրամ աշխատավարձ: