ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևը դիմում է ուղղել Եվրասիական տնտեսական կոմիտեի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին՝ առաջարկելով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում ընդգրկել բժշկական օրթոպեդիկ նոր պահանջներ կոշիկների վերաբերյալ։ Նոր պահանջները կարող են արգելել հարթ տակացուներով, ինչպես նաև բարձրակրունկ կոշիկների ներմուծումը, հայտնում է «Վզգլյադ»-ը։
Միխեևը նշել է, որ, ըստ վիճակագրության, չափահաս բնակչության մոտ 40 տոկոսը հարթաթաթությամբ է տառապում։ Մեծապես այս պատճառով 2014 թվականին առաջին անգամ ՌԴ զինված ուժեր զորակոչվեցին հարթաթաթություն ունեցող տղաներ, քանի որ առանց այդ հիվանդության նորակոչիկ գտնելը, կարելի է ասել, անհնար է։
«Նախկինում անհարմար կոշիկներից տառապում էին կանայք, քանի որ բարդությունների առյուծի բաժինն առաջանում է բարձրակրունկ կոշիկների պատճառով․ դրանց կրումը հանգեցնում է հարթաթաթության, բուրսիտի, դեֆորմացիայի և այլ բարդությունների։ Այժմ, սակայն, ռիսկի գոտի են ընկնում նաև տղամարդիկ։ Նորաձև կեդերը, լոուֆերները, առանց կրունկի մոկասինները նույնպես վտանգավոր են առողջության համար։ Նման կոշիկում ոտնաթաթի երկայնական կամարն ապահով չէ, արդյունքում առաջանում է հարթաթաթություն, ոտքի մկանների դեֆորմացիա, քրոնիկ երակային անբավարարություն և այլն»,- պատմել է Միխեևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մաքսային միությունում արգելվել էր ժանյակավոր վարտիքների արտադրությունը, ներմուծումն ու վաճառքը, քանի որ այդ արտադրանքը չի համապատասխանում ՄՄ-ի տեխնիկական կանոնակարգին։ Այն ժամանակ ի պաշտպանություն ժանյակավոր վարտիքների հանդես էր եկել ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնարար Վիկտոր Եվտուխովը՝ խոստանալով հասնել Ռուսաստանում այդ արգելքի հանմանը։