Այսօր առավոտից Հրազդանի «Միկա-ցեմենտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել՝ պահանջելով վճարել վերջին մի քանի ամիսների աշխատավարձը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։
Աշխատակիցները հավաքվել են գործարանի մուտքի մոտ և ղեկավարության հետ հանդիպում են պահանջում։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործարանի աշխատակիցներն ասել են, որ վերջին անգամ նման գործադուլ հունիսի 16-ին էին արել, ինչից հետո ղեկավարությունը խոստացել էր, որ երեք օր անց իրավիճակում հստակեցում կմտցվի, մինչդեռ ոչինչ էլ չեղավ։
Բանվորները վերջին անգամ աշխատավարձ են ստացել նախորդ տարվա դեկտեմբերին։
«Միկա-ցեմենտը» պատկանում է գործարար Միխայիլ Բաղդասարովին։ Նշենք, որ վերջինս չի վճարում անցյալ տարվա ապրիլին գործունեությունը դադարեցրած «Արմավիա» ընկերության աշխատակիցների մի մասի աշխատավարձերը։