Home / Հայաստան / Գյուղացիները փակել էին Գյումրի տանող ճանապարհը․ մարզպետը խոստումներ տվեց

Գյուղացիները փակել էին Գյումրի տանող ճանապարհը․ մարզպետը խոստումներ տվեց

Այսօր առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արտեմի համայնքում՝ մոտ 3000 գյուղացիներ փակել են Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ երեկ՝ կարկտահարության հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել են գյուղացիների այգիները ու ցանքատարածությունները: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։ 

Գյուղացիների հետ բանակցում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով նրանց ասում է, որ խնդրին ծանոթ է վարչապետը, և մի քանի օրերի ընթացքում հարցը կլուծվի, սակայն մարզպետի խոսքը գյուղացիներին հավատ չի ներշնչում, քանի որ յուրաքանչյուր նման դեպքից հետո մարզպետը Brabus-ով ժամանում է, ու հայտնի ֆիլմի նման «դիփունքը խափում ին»։ Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի ոստիկանության ծառայողները, ովքեր նույնպես համոզում են գյուղացիներին ճանապարհը բացել, սակայն դա նրանց նույնպես չի հաջողվում, տեղեկացնում է կայքը։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ Արտեմի համայնքի բոլոր 3800 բնակիչներն էլ տուժել են։

Գյուղն ունի խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր, այդ հարցը գյուղացիներն մշտապես բարձրացնում են մարզպետի մոտ, ով միայն ասում է, թե հարցերը կլուծվեն: Գյուղացիներն արդեն որոշել են ճանապարհը ժամանակավորապես բացել, քանի որ մարզպետը խոստացավ «հարցը տղավարի լուծել»: Եթե հարցը չլուծվի, այս անգամ նրանք փակելու են Արմավիր-Երևան-Թալին-Գյումրի ավտոճանապարհը։

Լուսանկարը՝ shamshyan.com