Home / Տեսանյութեր / Զոհված զինվորի մորն ակցիայի վայրից հիվանդանոց են տեղափոխել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զոհված զինվորի մորն ակցիայի վայրից հիվանդանոց են տեղափոխել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, այսօր ՀՀ կառավարության մոտ անցկացվող ակցիայի ժամանակ իրեն վատ է զգացել և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ ինքնազգացողության վատանալը, Մուրադյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ինքը նյարդայնացել է, երբ ՀԱԲ-ի Անո ներկայացած մի կին մոտեցել է իրեն ու ասել, որ Վալերի Մուրադյանի թաղման օրը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (հայտնի է Մառոզ մականունով) ՊՆ-ին խնդրել է գումար փոխանցել Մուրադյանների ընտանիքին ինչպես թաղման ծախսերը հոգալու, այնպես էլ բնակարան գնելու համար, և վերջիններս ընդունել են դա։

Մուրադյանի խոսքով՝ այդ ամենը ասվում է իրեն վարկաբեկելու համար, քանի որ ինքը բնակարան չի ստացել։ Ըստ զոհված զինծառայողի ծնողի՝ խնդիրը սկսվել է հունիսի 21-ին, երբ զոհված զինծառայող Գրիշա Խաչատրյանի դիահերձման օրը ինքը վերջինիս հարազատներին կոչ է արել չհավատալ ՊՆ-ի վարկածներին ու երեխային չհուղարկավորել այնքան ժամանակ, քանի դեռ սպանության հոդվածով քրեական գործ չեն հարուցել։

«Փորձագետը դուրս եկավ ու հայտարարեց՝ սպանություն է, ես էլ հայտարարեցի, որ ժամանակին, երբ իմ մինուճար որդու դին էին բերել, ոչ մեկը չկար, որ ինձ խորհուրդ տար՝ ինչպես վարվեմ։ Նաև ասացի, որ Մառոզը կգա, ձեր երեխու գլխին ձեռքը կդնի, ոնց որ իմ երեխու գլխին դրեց, ու կերդվի իր սև շորերով, իր երեխու գերեզմանով, որ մեղավորները պատժվելու են, որ սա լինելու է վերջին զոհը։ Ասացի՝ որովհետև Մառոզ Մարգոն Պաշտպանության նախարարի պամպերսն ա։ Ու հենց հաջորդ օրը Մառոզը մարդ ուղարկեց մեր տուն, թե գնացեք, Նանային ասեք, որ ես ոստիկանապետին խնդրել եմ, որ գումար տա իրա երեխուն հողը դնելու համար։ Էսօր էլ ՀԱԲ-ի Անոն՝ Մարգոյի հրամանով եկել ա, հրապարակի մեջ ինձ ասում ա՝ Սեյրան Օհանյանը քեզ փաստաբան վարձելու փող ա տվել Մարգոյի խնդրանքով», – պատմել է Մուրադյանը։

Նրա խոսքով՝ փաստաբանի համար ինքն անձամբ է խոսել Սեյրան Օհանյանի հետ, ով նշել է, որ կնոջն անպայման փաստաբան է հարկավոր՝ որդու գործով զբաղվելու համար և պատրաստակամություն է հայտնել վճարել այդ գումարը, ինչն էլ արել է, իսկ Մարգարիտա Խաչատրյանը դրա հետ կապ չունի։ Մուրադյանի խոսքով՝ բնակարանի մասին զրույցներն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։

1ohanyan

Կատարվածից զայրացած բողոքի այցիային մասնակցող մայրերը դիմել են ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին և պահանջել հանդիպում նախարարի հետ։

Ավելի ուշ կառավարության շենքի հետնամուտքի մոտ սպասող մայրերին հանդիպել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ու խոստացել է ընդունել նրանց։

Նախարարի հեռանալուց հետո Նանա Մուրադյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ոստիկանները ստիպված են եղել շտապ օգնություն կանչել։

Նշենք, որ մի խումբ ծնողներ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով բացահայտել բանակում խաղաղ պայմաններում սպանված իրենց զավակների մահվան մեղավորներին։