ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին։ Այս մասին ասված է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները, մասնավորապես, նշում են, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարևոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների շնորհիվ:
Ազգային ժողովների ներկայացուցիչները նաև կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ: