Գլխավոր / Տեսանյութեր / Երևանում ոստիկանները մարդկանց ավելի հաճախ են խոշտանգում, քան մարզերում․ դիտորդներ

Երևանում ոստիկանները մարդկանց ավելի հաճախ են խոշտանգում, քան մարզերում․ դիտորդներ

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը դատապարտում է ՀՀ Ոստիկանության բաժիններում դեռևս կիրառվող խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերը:

Խմբի կողմից հունիսի 26-ին հրապարակված հայտարարության մեջ ասված է` կատարված ուսումնասիրություններով ապացուցվել է, որ ՀՀ մարզերում գործող 33 ՁՊՎ-ներում 712 պահված ձերբակալված անձանցից մարմնական վնասվածքներով ՁՊՎ ընդունվել են 88 անձ` 12.36%, այն դեպքում երբ Երևանի ՁՊՎ ընդունված 719 ձերբակալվածներից մարմնական վնասվածքներով ընդունվել է 236 անձ` 32.8%:

Դիտորդական խումբը ներկայացրել է նաև մարմնական վնասվածքների վերաբերյալ հետազոտության գրաֆիկական պատկերները։ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում արձանագրված 236 մարմնական վնասվածքներից հետազոտվել է 55 դեպք, որոնցից առանձնացվել է կապտուկները և սալջարդերը: Արդյունքում` 55 անձանց մոտ գրանցվել է 58 տարբեր տեսակի կապտուկներ և սալջարդեր:

policetirtures

 

 

ՀՀ ոստիկանությունում գործող 32 ՁՊՎ-ում արձանագրված 88 մարմանական վնասվածքներից հետազոտվել է 22 դեպք, որոնցից առանձնացվել է կապտուկները և սալջարդերը: Արդյունքում` 22 անձանց մոտ գրանցվել է 25 տարբեր տեսակի կապտուկներ և սալջարդեր:

policetortures2

 

Դիտորդական խումբը չի կիսում ՀՀ ոստիկանության ընթացիկ հաշվետվություններում նշված այն պնդումները, որ մարմնական վնասվածքով ՁՊՎ ընդունված անձիք մինչ ՁՊՎ բերվելն են ստացել տվյալ մարմնական վնասվածքները:

Խումբն արձանագրված մարմնական վնասվածքների վերաբերյալ պարբերաբար ընթացիկ հաշվետվություններով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանությանը։ Մասնավորապես, Խումբը հայտնել է, որ 01.04.2013թ-ից մինչև 30.04.2013 թ-ը Երևանի ՁՊՎ-ում պահվել են 84 ձերբակալված անձինք, որոնցից 22-ը ընդունվել են մարմնական վնասվածքներով, մոտ` 26.1%, սակայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից մեկնաբանություն չի տրվել:

12.06.2013թ-ից մինչև 24.10.2013-ն Երևանի ՁՊՎ-ում պահվել է 251 ձերբակալված անձինք, որոնցից 101-ը ընդունվել են մարմնական վնասվածքներով, մոտ` 40,2%, իսկ 28 ձերբակալվածների մոտ նկատվել են ավելի լուրջ և բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Դիտորդական խումբը գտնում է, որ մարմնական վնասվածքներով ՁՊՎ ընդունված անձանց մարմնական վնասվածքները ստանալու պատճառները չբացահայտելու հիմնական խնդիրներն են` անպատժելիությունը և լիարժեք վերահսկողության բացակայությունը: Խումբը ևս մեկ անգամ առաջարկում է ՀՀ ոստիկանությանը ստեղծել նոր հասարակական խումբ՝ ոստիկանության բաժիններում վերահսկողություն իրականացնելու նպատակով: 

Լուսանկարը՝ ոստիկանությունում խոշտանգումների դեմ 2013-ին կազմակերպված ակցիայից

Tekali Taxi