Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում այցելել Վարդենիսում իրեն սպասող, փոթորիկից տուժած քաղաքի բնակիչներին։ Կառավարության մամուլի բաժնից Epress.am-ին հայտնել են, որ Աբրահամյանի հանձնարարականով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը տեղում կպարզի վնասի չափը և կզեկուցի իրեն։
Նշենք, որ հունիսի 29-ին փոթորիկը րոպեների ընթացքում հսկայական ավերածությունն էր հասցրել Վարդենիսի մի քանի թաղամասերի շուրջ 5 տասնյակ տների, ինչից հետո տուժած բնակիչները փակել էին Վարդենիս մտնող ավտոճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։
Վարդենիսի բնակիչ Արթուր Սահակյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցներին մարզպետարանի աշխատակազմից զգուշացրել էին, որ նրանց պահանջը կբավարարվի ու Աբրահամյանը կժամանի Վարդենիս, ինչից հետո վարդենիսցիները բացել էին ճանապարհը։
«Այսօր ժամը 11-ից սպասում էինք վարչապետին, բայց մարզպետը եկավ, տեղեկացրեց, որ Աբրահամյանն է հրահանգել գալ ու տեղում պարզել՝ ինչն ինչոց է։ Նա էլ եկավ, հատ-հատ բոլորի տները մտավ, նայեց, ծանոթացավ իրավիճակին ու խոստացավ, որ հարցը կբարձրացնի ԱԺ նիստի ընթացքում և ուրբաթ օրը անպայման վերջնական պատասխան կտա։ Սպասենք մինչև նշանակված օրը»,- եզրափակել է մեր զրուցակիցը։