35-ամյա Դիանա Նահապետյանին դանակի 21 հարվածով սպանելու մեջ մեղադրվող նրա ամուսինը՝ Վոլոդյա Մուրադյանը, այսօր դատարանում միջնորդել է փոխել իր դեմ մեղադրանքը: Մուրադյանը մեղադրվում է 104-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետով՝ «առանձին դաժանությամբ սպանություն», որը ենթադրում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում, և միջնորդել է իրեն դատել ավելի մեղմ՝ 6-12 տարի նախատեսող հոդվածով: Գործը լսող Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել է պատասխանող կողմի այս միջնորդությունը:
Նշենք, որ այսօր դատարանի դահլիճի մոտ բողոքի ակցիա է անցկացրել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան՝ սպանվածի ամուսնու համար օրենքին համապատասխան պատիժ պահանջելով։
Մեկ անգամ արդեն գործով ամբաստանյալի նկատմամբ առաջադրված հոդվածը փոխվել է և ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել:
Դատարանի դահլիճում ամբաստանյալը, փորձելով ապացուցել, որ մեղմ պատժի է արժանի, ասել է, որ կինը դավաճանում և խայտառակում էր իրեն։ Ինչպես դատարանից Epress.am-ին հայտնել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լառա Ահարոնյանը, այդ հայտարարությանն արձագանքել է մեղադրողը՝ ասելով, թե «եթե կինդ դավաճանում էր, բաժանվեիր, ոչ թե սպանեիր նրան»: Մեղադրյալն էլ հակադարձել է, որ կնոջ սիրեկանները ոստիկաններ էին, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օգնականներ, որոնք իրեն կսպանեին, եթե կնոջից բաժանվեր:
Այսպիսով՝ գործի դատաքննությունը ավարտվել է, և հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 31-ին:
Հիշեցնենք, որ գործի քննության ընթացքում դատարանը պարզել է, որ Վոլոդյա Մուրադյանը կոմուլյատիվ աֆեկտի տակ չի գտնվել, նա եղել է «հոգեկան բարձր հուզական վիճակում», սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել՝ այսինքն, մեղսունակ է և գիտակցելով է կատարել հանցանքը։