Այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ։
Նրա նշանակման մասին խոսում էին անցյալ տարվա սեպտեմբերից, երբ Հովսեփյանը ազատվեց աշխատանքից և նշանակվեց Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ։
2013-ի սեպտեմբերին Epress.am-ը անդրադարձել էր Հովսեփյանի գործունեությանը՝ ««Աստված հեռու պահի բոզի շառից». Հին Աղվան Հովսեփյանը նոր պաշտոնում» հոդվածում, որը ևս մեկ անգամ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Հովսեփյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ աշխատելու տարիներին մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում: Հովսեփյանի անունը կապված էր աղմկահարույց գործերի հետ, նրա անձը գաղտնի նամակագրության մեջ չեն շրջանցել նաև ամերիկացի դիվանագետները:
Դրվագ 1. Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործությունից 14 տարի է անցել, և Աղվան Հովսեփյանի դերակատարության մասին ավելի քիչ են խոսում: Հոկտեմբերի 27-ին հաջորդած տարիներին, սակայն, այդ մասին շատ է գրվել: «Սեպտեմբերի 21» բլոգում, մասնավորապես, ԱԻՄ անդամ Վահագն Ղուկասյանն անդրադառնում է մի դրվագի, որն ուղղակիորեն մատնանշում է քննության թերությունները:
«1999թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունում գրանցվել է թիվ 18-18ՕԿԳ-99 գրություն, որով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ զինդատախազին հանձնարարում է վարույթ ընդունել թիվ 62207199 քրեական (հոկտեմբերի 27-ի) գործը և սկսել նախաքննություն: Այս հանձնարարականի հետ առդիր ներկայացվել են 111 թերթ կազմող քրեական գործի նյութերը…
Ինչպես նկատեցինք, հոկտեմբերի 27-ի նախաքննությունը Աղվան Հովսեփյանը զինդատախազին է մակագրել հոկտեմբերի 28-ին: Նույն օրը առավոտյան ԱԺ տարածքում կատարվել էր տեղազննություն, որտեղ հայտնաբերվել էր նաև Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը: Ըստ առողջ տրամաբանության, այդ թղթապանակը իր պարունակությամբ նույնպես պիտի գտնվեր զինդատախազության վարույթին հանձնված քրգործի նյութերում: Փաստն այն է, որ սույն թղթապանակը, մեկ ամբողջ օրից ավելի գլխավոր դատախազությունում պահելուց հետո, հոկտեմբերի 29-ին Աղվան Հովսեփյանը ԱԱ նախարարին՝ «Հարգելի Սերժ Ազատի» գրառումով մի գրություն է կազմում և այն ուղարկում ԱԱՆ, որպեսզի թղթապանակում եղած գրառումների համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ կատարվեն…
Գլխավոր դատախազի այս անգամ պաշտոնական բլանկով գրանցված թիվ 18-18Օ48-99 գրությունից պարզվում է, որ Աղվան Հովսեփյանի՝ թղթապանակը ԱԱ նախարարին ուղարկելուց հետո և վերջինիս տրամադրության տակ մեկ օր թողնելուց հետո, հոկտեմբերի 30-ին է միայն անհրաժեշտ գտնում այդ մասին տեղյակ պահել իրական հասցեատիրոջը՝ նախաքննությունը իրականացնող մարմնին», – գրում է Վահագն Ղուկասյանը:
Դրվագ 2. «Աստված հեռու պահի բոզի շառից»
Wikileaks.org-ը 2 տարի առաջ գաղտնազերծել էր ԱՄՆ Պետդեպի փաստաթղթերը, որոնց թվում կար նաև 2004-ից 2006 թվականը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի գաղտնի հաղորդագրությունը: Էվանսը պատմում է Աղվան Հովսեփյանի հետ իր հանդիպման մասին, որի համար առիթ է հանդիսացել 3 մարմնավաճառների հետ դեսպանատան աշխատակիցների զրույցը: Վերջիններս հայտարարել էին, որ իրենց Հայաստանից Թուրքիա են տեղափոխել Վրաստանի տարածքով՝ կեղծ փաստաթղթերով, որից հետո բռնի կերպով պահել են և սպառնացել կալանքով: Դեսպանը վստահ է եղել, որ պատմությունները իրական են, իսկ մարմնավաճառները բողոքել են նաև գործը քննող քննիչների պահվածքից:
Էվանսը նամակում գրում է, որ Աղվան Հովսեփյանը տեղյակ էր հանդիպման պատճառի մասին և անթաքույց քմծիծաղ է տվել, երբ ինքը նշել է զրույցի թեման: Հովսեփյանն ասել է դեսպանին, որ ինքն անձամբ քննել է մարմնավաճառների հայտարարությունները: Նրա խոսքերով՝ գործի ձայնագրությունները հստակ ցույց են տալիս, որ մարմնավաճառները ստել են:
«Հովսեփյանը նրանց անվանեց «անպատասխանատուներ և օրինախախտներ»: Նա միանշանակ կրկնեց, որ մարմնավաճառները բարկացել են այն փաստից, որ քննություն անցկացնողները չեն օգնել իրենց կավատից մնացած գումարը ստանալ և որ նրանց մեղադրանքերը պայմանավորված են գումար ստանալու ակնկալիքով: Նա պաշտպանում էր քննիչ Երեմյանին (սա զարմանալի չի թվում, քանի որ մենք ավագ քննիչ Արմեն Բոշնաղյանից տեղեկատվություն էինք ստացել, որ գործը հետաքննող Երեմյանը վայելում է Հովսեփյանի լիակատար աջակցությունը): Հովսեփյանը, Երեմյանին պաշտպանելիս, մեջբերել է մի հայկական ասացվածք` «Աստված հեռու պահի բոզի շառից»», – WikiLeaks-ի փոխանցմամբ գրել է ԱՄՆ դեսպանը:
Դրվագ 3. Աղվան Հովսեփյանն ու Մարտի 1-ը
2008 թվականի մարտի 1-ի երեկոյան և մարտի 2-ի վաղ առավոտյան Երևանի կենտրոնում տասը մարդ է սպանվել: Սպանություն իրականացնելու մեղադրանք ոչ մի անձի չի առաջադրվել: Սպանվածներից երկուսը՝ ոստիկանական ուժերում էին ծառայում, 8-ը՝ ընդդիմության ներկայացուցիչներն էին: Մարտի 1-ից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը լրագրողներին հայտարարեց, որ «մարտի 1-ին ոչ մի կրակոց չի եղել, հրազեն չի օգտագործվել»: Հետագայում պարզ դարձավ, որ մարտի 1-ին մարդկանց մահվան պատճառը հրազենային վնասվածներն են եղել:
Զենք-զինամթերք կրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով ճաղերի հետևում են հայտնվել 100-ից ավելի մարդիկ, որոնք միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվել են քաղբանտարկյալներ: Ընդդիմության ներկայացուցիչները, իրավապաշտպանները, բազմթիվ քաղաքական գործիչներ բազմիցս նշել են, որ քաղբանտարկյալների գործերը «թխել են» դատախազությունում, և դրա համար անձամբ պատասխանատու է եղել Աղվան Հովսեփյանը:
Դրվագ 4. Դարբինյան եղբայրներն ու Ֆոլկսվագեն Ֆաետոնը
2007 թվականից սկսած Աղվան Հովսեփյանի անունը կապում են գործարարներ Մանվել և Վարշամ Դարբինյան եղբայրների հակամարտության հետ: 2012 թվականի հունիսին խնդրին անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ Ղարիբյան եղբայրները համատեղ հիմնադրել և կառավարել են պաղպաղակ ու հրուշակեղեն արտադրող «Շանթ» ընկերությունը, նրանց են պատկանում նաև«Եվրովագեն» ընկերությունը, «Շանթ» ռեստորանային համալիրը: Սակայն, տարիներ առաջ եղբայրների միջև ինչ-որ վեճ է ծագել, և նրանք դադարել են համատեղ գործունեությունը:
«Ղարիբյանների ընտանիքի անդամները բազմիցս հայտարարել են, որ եղբայրների միջև ծավալված հակամարտությունը հրահրել է Աղվան Հովսեփյանը: Վարշամ Ղարիբյանը համարվում է Հովսեփյանի հովանավորյալը, և հենց դրանով է բացատրվում այն իրողությունը, որ իրավապահներն ամեն ինչ անում են մյուս եղբորը` Մանվել Ղարիբյանին ճնշելու համար», – գրել էր «ՀԺ»-ն:
Թերթը նաև նշել էր, որ Աղվան Հովսեփյանը տիրացել է նաև Մանվել Դարբինյանին պատկանող «Ֆոլքսվագեն Ֆաետոն» ավտոմեքենային: Մեքենայի վրա փակցված են եղել Գլխավոր դատախազության պետհամարանիշներ, թեև, թերթի պնդմամբ, այդ մեքենան դատախազության հաշվեկշռին չի եղել, ինչպես նաև չի պատկանել Հովսեփյանին: Ի դեպ, մեքենան Դարբինյանին պատկանելու մասին փաստը դեռևս 2011 թվականին «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել է վերջինիս փաստաբան Բագրատ Վարդանյանը:
«Սիվիլիթաս» հիմնադրամի վերաբերյալ նիստում Հովսեփյանին Ֆաետոնի մասին հարց է ուղղել Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Գլխավոր դատախազի դեմ կարելի է գործ հարուցել, քանի որ «այդ ուրիշի մեքենայի վրա կպցրել եք Գլխավոր դատախազության պետհամարանիշ և վարում եք»: Հովսեփյանը խորհուրդ է տվել Փաշինյանին «կատարել իր քաղաքացիական պարտքն իր մեքենայի մասին ինֆորմացիա ունենալու պարագայում, այսինքն՝ դիմել քննչական մարմիններին»:
Դրվագ 5. Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում
2012 թվականի հոկտեմբերին Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում ներկայացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գործը՝ պահանջելով ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Օսկանյանը մեղադրվում էր ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի հիմնադրամից ստացած մոտ 2 միլիոն դոլարը յուրացնելու մեջ: Հովսեփյանը հայտարարել է, որ պաշտպանում է «Սիվիլիթաս»-ը ոնտձգություններից:
ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը խոսել է 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին 6-րդ ընտրատարածքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այդ ընտրատարածքում Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը պայքարում էր ԲՀԿ-ական Վահան Կարապետյանի դեմ: Վարդանյանը հիշեցրել է մամուլի հրապարակումները, որոնց համաձայն, Արմեն Կանեվսկոյի (Ռուսաստանում հայտնի օրենքով գող, մահացել է 2010 թվականին -խմբ.) եղբայրը 6-րդ ընտրատարածքում թաղային հեղինակությունների միջոցով ակտիվորեն աջակցել է Աղվան Հովսեփյանի եղբորը:
«Արդյոք նույն պատկան մարմինները, նույն դատախազությունը չնկատեցին այդ քրեական տարրերին: Այդ դեպքում ինչպես է, որ պետության դեմ ուղղված հանցագործություններին սկսում են անդրադառնալ միայն քաղաքական մոտիվացիայի դեպքում»,- ասել է Էլինար Վարդանյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը իր խոսքում ասել է, որ ՀԱԿ-ը վստահություն չի տածում գլխավոր դատախազի ոչ բարոյական, ոչ պրոֆեսիոնալ հատկանիշների համար, քանի որ Աղվան Հովսեփյանի անձի հետ են կապված Հայաստանում բոլոր հակաօրինական հետապնդումները, շինծու քրեական գործերը, հոկտեմբերի 27-ի գործի տապալումը, մարտի 1-ի 10 սպանության չբացահայտման փաստը:
«Բոլոր հանցագործները սովորաբար վերջում փորձում են եկեղեցի կամ խաչ կառուցել: Պարոն դատախազ, փորձեք խաչ կառուցել», – ասել է Արամ Մանուկայնը: