Ազգային ժողովում քննարկվող «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքն իրականում օրենք է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին։ Օրենքի նախագծի քննարկումների ժամանակ նման միտք է հնչեցրել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Աղվան Հովսեփյանն է գլխավորելու նորաստեղծ կառույցը։
Այսպիսով, ըստ Փաշինյանի, Ազգային ժողովը ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու գործակալի կարգավիճակ։
Պատգամավորը հիշեցրել է, որ քննչական մարմին ստեղծելու պատմությունը ծագել է այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշել է Աղվան Հովսեփյանի թեկնածությունը չառաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում։
«Ինչի՞ չառաջադրեց։ Չառաջադրեց ոչ թե նրա համար, որ Աղվան Հովսեփյանն արժանի էր պաշտոնանկ արվելու որպես կոռումպացված, որպես քաղաքական հետապնդումներ իրականացնող, որպես սպանությունների բացահայտմանը խոչընդոտող անձնավորություն։ Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ արեց լրիվ ուրիշ, կոնյուկտուրային պատճառներով։ Աղվան Հովսեփյանը 15 տարի Հայաստանի գլխավոր դատախազ էր աշխատում և իշխանության ներսում ուներ ազդեցության բավական լուրջ լծակներ։ Սերժ Սարգսյանը դրանով ուզեց իշխանական թիմին ցույց տալ, որ առաջվա նման տիրապետում է իշխանական լծակներին», – ասել է Փաշինյանը։
Պատգամավորի խոսքով՝ այժմ էլ Սարգսյանն Աղվան Հովսեփյանին տեղավորում է, որովհետև չի ցանկանում, որ վերջինս իր ստվերային կապերով համալրի Սերժ Սարգսյանից դժգոհողների բանակը։
Փաշինյանը ստեղծված իրավիճակը համեմատել է 2011-2012 թթ․ տեղի ունեցածի հետ, երբ Սերժ Սարգսյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ պաշտոնանկ արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, իսկ ընտրություններից հետո վերադարձրեց նրան։
«Օրենքի նախագիծը ստեղծել է Աղվան Հովսեփյանի ղեկավարած խումբը, և նախկին գլխավոր դատախազն այնքան «համեստ է» գտնվել, որ իր համար կանխորոշել է գեներալ-լեյտենանտի կոչումը (այդ կոչումը ստանում է քննչական կոմիտեի ղեկավարը – խմբ․), արդարադատության պետական խորհրդականի կոչումը, ըստ ամենայնի, նրան սկսել է չբավարարել», – ասել է Փաշինյանը։
Նա կարծիք է հայտնել, որ մեկ քննչական կոմիտեում միավորելով, մասնավորապես, ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական մարմինները, Սերժ Սարգսյանը մի քանի կոնյուկտուրային հարց է լուծում, մասնավորապես, որոշակիորեն նվազեցնում է ոստիկանության պետի և պաշտպանության նախարարի ազդեցությունը՝ նրանց գերատեսչություններից բավական ազդեցիկ կտորներ պոկելով։
«Նրանցից մեկի մոտ որոշակի քաղաքական ամբիցիաների նախանշաններ են նկատվում, մյուսին էլ [Սերժ Սարգսյանը] տեսնում էր, որ ուրիշներն են փորձում քաղաքական առաջնորդի դերակատարում վերապահել», – ասել է պատգամավորը։
Օրենքի նախագծով, ըստ Փաշինյանի, Սերժ Սարգսյանը ուժեղացնում է նաև վարչապետին, ում վերապահված է առաջադրել Քննչական կոմիտեի ղեկավարի թեկնածությունը։