Հուլիսի 16-ին Վանաձորի Հուշարձանի խաչմերուկում ծեծի ենթարկված քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ նշելովմ որ իրեն ծեծողները ԴԱՀԿ աշխատակիցներ են, գրում է Lorinews.am-ը։ Ավելի վաղ կայքը գրել էր, որ ծեծված քաղաքացուն շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշակական կենտրոն:
Lorinews.am-ին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ ինքը ականատես է եղել, թե ինչպես են ԴԱՀԿ աշխատակիցները ծեծի ենթարկում քաղաքացիներին՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը: Զանգահարած քաղաքացին ներկայացրել է միջադեպի պատճառը․ «Քաղաքացու «Օպել» մեքենան պաժառնու խաչմերուկին թեթև խփեց ԴԱՀԿ-ի աշխատակցի «Աուդի» մակնիշի մեքենային, դրանք էլ իջան, չգիտեմ ինչ եղավ, սկսեցին ծեծել էդ տղային կնոջ ու երեխու առաջ, փողոցի մեջտեղում, հետո ԴԱՀԿ աշխատակիցների թիվը ավելացավ… էն կարգի ծեծեցին, որ քաղաքացին նստեց ավտոն ասավ գնում եմ հիվանդանոց, էն վիճակն էր, որ թաղամասից որևէ մեկը չփորձեց անգամ խառնվել կռվին… ԴԱՀԿ-ի աշխատակիցները ֆոռմով էին, ճանապարհն էլ խցանվել էր, ոչ մի ոստիկան չկար»:
Կեսգիշերին Վանաձորի բժշկական կենտրոնից կայքի հետ զրույցում հաստատեցին, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ-ին ծնված Ռ.Վ.-ն՝ գլխի և մարմնի շրջանում ստացած քերծվածքներով ու կապտուկներով:
Ըստ Lorinews.am-ի՝ քաղաքացին իր դիմումում հստակ նշել է, որ իրեն ծեծի են ենթարկել ԴԱՀԿ աշխատակիցները: