հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ չեն շարունակվի․ Սերժ Սարգսյան

Սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ չեն շարունակվի․ Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի կարծում, թե իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ ռուսաստանյան Սոչիում կայացած հանդիպումից հետո սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ կշարունակվեն։ Այս մասին նա հայտարարել է «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սոչիում խոսվել է վերջին միջադեպերի մասին և արդյոք ձեռքբերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն հրադադարը պահպանելու համար՝ Սարգսյանը նշել է, որ միջադեպերի մասին չէր կարող չխոսվել, որովհետև միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս է:

«Բայց առանձին պայմանավորվածություն, որպես այդպիսին, ձեռք չբերվեց ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է: Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետև՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել՝ առավել ևս, որ նախկինում՝ 1994 և 1995 թվականներին երկու համաձայնագրեր են կնքվել և կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները: Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն և նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը: Ընդհանրապես, միջնորդների կողմից և մեր կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց մենք դեռևս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում:

Ես չեմ կարծում, որ [սահմանային միջադեպերը] նույն ինտենսիվությամբ կշարունակվեն, որովհետև նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, և ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով:

Ընդհանրապես, ամենաարդյունավետ մեխանիզմը՝ միջադեպերի կանխման, հետաքննման միջազգային մեխանիզմ ձևավորելն է: Եթե մենք կարողանանք այդպիսի մեխանիզմ ձևավորել, ես կարծում եմ, որ դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետև նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում և դրա մասին հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք: Այնպես որ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք», – ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հարցին՝ Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին։

«Ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջև: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ և թեման չէ, որովհետև այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի̀ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն», – հայտարարել է Սարգսյանը:

Վերջինս նշել է, որ հայկական կողմը քաջատեղյակ է, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է Հայաստանի հնարավորությունների մասին:

«Այո, և դա ես առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են «հասնել» նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, և Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների և, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն:

Ինձ որոշ դեպքերում թվում է, որ որոշ մարդիկ Բաքվում երեկոյան ժամերին̀ աշխատանքից հետո, համակարգչային խաղերով են զբաղված և կռիվ-կռիվ են խաղում: Բայց նրանք պետք է հասկանան, որ վիրտուալ իրականությունը մի բան է, իսկ իրականությունը̀ մեկ այլ բան: Երբեք չի կարելի չոր թվեր դնել և հաշվարկել, ասել̀ մեր համախառն ներքին արդյունքն այսքան է, Հայաստանինը̀ այսքան, մենք ունենք այսքան տանկ, Հայաստանը̀ այսքան տանկ, և եթե ռազմական գործողություններ լինեն, ապա մենք կհաղթենք: Իմ ասածը չի նշանակում, որ համախառն ներքին արդյունքը նշանակություն չունի, փողը, տանկերի քանակը նշանակություն չունեն: Ես դա չեմ ասում: Իհարկե, ունեն: Բայց դա բավարար չէ: Վերջին գործողություններն այդ մասին էին խոսում:

Այդ գործողությունների արդյունքում մենք ինչի՞ ականատես եղանք: Ադրբեջանցիներն ասում են, որ գործողությունների արդյունքում, իբր, հայկական զինված ուժերը ավելի շատ կորուստներ են ունեցել և, իբր, մենք այդ կորուստները թաքցնում ենք: Բայց ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կա գոնե մեկ մարդ, որը այդպես կարծի: Անհնար է զինվորի կորուստը թաքցնել: Առավել ևս̀ մեր հասարակության մեջ: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Մյուս կողմից ̀ իրենք փորձ են անում թաքցնել իրենց կորուստները իրենց իսկ հասարակությունից, և ինչ-որ ժամանակ դա իրենց հաջողվում է: Նրանք այդ կորուստները ձգում են ժամանակի մեջ, և եթե այսօր նրանք ունեցել են, ենթադրենք, տասը զոհ, ապա այդ տասը զոհի մասին նրանք չեն հայտարարում: Տասը զոհի մասին հայտարարում են մեկ շաբաթյա ժամանակահատվածում:

…Անձամբ ես մեծ ուրախություն չեմ ապրում ադրբեջանցիների շատ կորուստներով: Ես հպարտության մեծ զգացումներ եմ ունենում մեր տղաների գործողությունների համար: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք կորուստ չունենանք, կամ քիչ ունենանք: Իսկ թե նրանք ինչքան կորուստ կունենան, ինձ ամենաշատ հետաքրքրող հարցը չէ: Բայց իրենց հասարակությունը պետք է իմանա, թե ինչի է հասցնում այդ ոչ լուրջ վերաբերմունքը պատերազմի կամ միջադեպերի նկատմամբ: Պատերազմը վատ բան է: Միջադեպերն էլ լավ բան չեն, ուստի մենք շատ զգույշ պետք է լինենք և, անշուշտ, մշտապես մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր քաջ տղաների բարեկամներին, հարազատներին, երեխաներին, ծնողներին, ովքեր իրենց կյանքի գնով կարողացել են անել այնպես և նախկինում, և հիմա, որ մեր զինված ուժերի նկատմամբ մեր ժողովուրդը իր հավատը պահպանի», – նշել է Սարգսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ