Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը կրկին հիշել է 90-ականների արտագաղթը․ Բագրատյանը հակադարձել էր նրան

Սերժ Սարգսյանը կրկին հիշել է 90-ականների արտագաղթը․ Բագրատյանը հակադարձել էր նրան

Անցյալ տարի Հայաստանից արտագաղթողների թիվը կրճատվել է, և 2014-ի թվերը վկայում են այն մասին, որ այս տարի էլ ավելի է կրճատվելու: Այս մասին երեկ «Բազե 2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա չի համաձայնել լրագրողի գնահատականի հետ, թե արտագաղթն ահագնանում է, և առաջարկել է խոսել միայն «վիճվարչության տվյալներով»։ Սարգսյանը, հավանաբար, նկատի է ունեցել Ազգային վիճակագրական ծառայությունը։

«Ահագնանալը ո՞րն է: Գիտեք, ահագնանալը ջրի հոսքի մասին են ասում, երբ որ հեղեղ է սկսվում, մի առու է լինում, հետո այդ առուն գետի է վերածվում, ահագնանալը ես այդպես եմ հասկանում հայերենով․․․ Համակարգիչ ունե՞ք այստեղ․․․ Կգնաք, կբացեք վիճվարչության թվերը, կնայեք: Ես մեկ անգամ այդ թեմայով ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում շեշտել՝ մենք միայն անցյալ տարի ամբողջությամբ և նախանցյալ տարի մասնակի, կարողացել ենք ամբողջովին վերահսկել մեր սահմանները. մենք մինչ այդ չունեինք համակարգ, որը ավտոմատիզացված կերպով բոլորին ֆիքսում էր: Իսկ նույնիսկ այդ մոտավոր տվյալները խոսում են այն մասին, որ 90-ական թվականներին շատ-շատ մեծ էր արտագաղթը: Եթե ձեզնից մեկը փորձի ավելի ավագներին հարցնել, թե 1993-94 թվականներին ինչ վիճակ էր, որ հետաքրքրվում եք Ձեր բարեկամով և ծանոթներով, մի հատ էլ հետաքրքրվեք տեսեք՝ իրենց բարեկամները, ծանոթներն ի՞նչ էին այն ժամանակ կարծում. բոլորին թվում էր, թե Հայաստանում մարդ չի մնացել», – ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ արտագաղթը բնորոշ է բոլոր երկրներին, սակայն ուրիշների համեմատ Հայաստանն ունի առնվազն երկու լրացուցիչ պատճառ, որը խթանում է արտագաղթը:

«Առաջինը հայկական սփյուռքի առկայությունն է, որ մագնիսի պես քաշում է բոլորին: Եվ եթե գնացողներին հարցնեք՝ ու՞ր եք գնում, ասում են՝ գնում ենք Մոսկվա մեր ընկերոջ հետ, չգիտեմ, բիզնես դնելու, գնում ենք ընկերոջ, բարեկամի մոտ և այլն: Սա լրացուցիչ հանգամանք է: Եվ երկրորդ հանգամանքը կա՝ մենք ունենք չավարտված պատերազմ, կա անվտանգության խնդիր, ծնողներն անհանգստանում են և այլն: Ես կարող եմ այլ լրացուցիչ պատճառներ էլ ասել, բայց չեմ ուզում չարախոսների բերանում լեզու դնել, հասկանու՞մ եք, որպեսզի վաղը այդ փաստարկներն չօգտագործեն մեր դեմ. ես նկատի չունեմ մեր երկրի ներսում: Այնպես որ՝ կա, այդ խնդիրը կա, բայց ես կատեգորիկ համաձայն չեմ Ձեզ հետ ահագնանալու մասով», – ասել է Սարգսյանը:

Նշենք, որ նա առաջին անգամ չէ իր ելույթներում նշում, թե 20-րդ դարի 90-ականների սկզբին արտագաղթը Հայաստանից ավելի մեծ է եղել։ Այս տարվա փետրվարին Սարգսյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հակադարձել էր ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 1993-ից 1995 թվականը։

Բագրատյանը նշել էր, որ այդ տարիներին Հայաստանից արտագաղթածների կեսից ավելին եղել են Ադրբեջանից եկած փախստականները, և եթե նրանց չհաշվել, ապա արտագաղթի թվերը համադրելի են ներկայիս տվյալների հետ։

«Այսինքն, դուրս է եկել ՀՀ 247 հազ քաղաքացի 6 տարում։ Բայց այդ, 6 տարուց 3-ը պատերազմ է եղել։ Այո, դժբախտաբար ձեզ հետ միասին (այն ժամանակ դուք էլ էիք կառավարության անդամ) մենք չկարողացանք նրանց պահել։ Բա պատերա՞զմը։ Հաղթանակների 90 տոկոսը եղել է, երբ կառավարությունում էիք իմ վարչապետության օրոք: Այդ ի՞նչն է ձեզ այդքան վրդովեցնում։ Այն ժամանակ ասեիք, որ եկեք հաշտություն կնքենք Ադրբեջանի հետ ցանկացած գնով։ Բաքվից ու Կիրովաբադից եկած ժողովուրդն էլ երևի մնար երկրում։ Բա ինչո՞ւ չէիք առաջարկում»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ գրել էր Հրանտ Բագրատյանը:

Նախկին վարչապետը նշել էր, որ առաջին տնտեսական աճից հետո (1994-1996թթ) արտագաղթը տասնապատիկ անկում է ապրել։ Համեմատելու համար Բագրատյանը հիշեցրել էր, որ վերջին 6 տարում երկրից արտագաղթել է 230 հազար մարդ:

«Բա ամոթ չի՞։ 1995-ն ավելի լավ է եղել, քան 2013-ը։ Բացի այդ, ասում եք՝ արտագաղթի տեմպը նվազում է։ Դուք չգիտեք, որ փոքր թվից փոքր էլ արտագաղթ կլինի»,- գրել էր Հրանտ Բագրատյանը: