Օգոստոսի 29-ին Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում կրակելու կասկածանքով ձերբակալված Արսեն Ավագյանը «Աստաֆյան» համալիրի սեփականատերն է, ով հայտնի է «Տուգո» մականվամբ, գրում է News.am-ը։
Ըստ որոշ լուրերի՝ նրա և իր հակառակորդի վեճը ֆինանսական պարտք ու պահանջի շուրջ է եղել: Այս տեղեկությունները պաշտոնապես ճշտել կայքին չհաջողվեց: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 և 235 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով. այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ տուժող, 51-ամյա Սուրեն Ի-ն հիվանդանոցում հայտնել է, որ նշված խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին:
Ոստիկանությունը պարզել է, որ Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող մի ՍՊԸ գրասենյակում Սուրեն Ի.-ին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել և վնասվածքը պատճառել է 53-ամյա Արսեն Ավագյանը, ով ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: