Home / Հայաստան / «Ուզում են գործը ծածկել». Կալանավորված բժշկի գործընկերները բողոքում են․ aravot.am

«Ուզում են գործը ծածկել». Կալանավորված բժշկի գործընկերները բողոքում են․ aravot.am

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացրեց «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի նկատմամբ, ինչը բողոքի ալիք է բարձրացրել նրա գործընկերների շրջանում:

Ինչպես նշում է aravot.am-ը, նրա հարազատները, գործընկերները անարդարացի են որակում կայացված որոշումը` նկատելով, որ շուրջ 40 տարի մարդկանց կյանքեր փրկած վիրաբույժը չի կարող կալանավորվել, նա պետք է ազատության մեջ լինի: Նշենք, որ համաձայն նախաքննության, բշիշկը մեղադրվում է 15-ամյա Դավիթ Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ:

«Վաստակավոր բժշկին չեն ոտնահարում, գնահատում են ու պարգևատրում են: Դե թող բոլոր բժիշկներին սենց բռնեն, տեսնենք ով է աշխատելու, այն էլ այս պայմաններում, այս աշխատավարձով աշխատում են, կյանքի գնով աշխատում են ու սրան են արժանի: Թող դանակահարողին բռնեն, բերեն, եթե բժիշկը մի փոքր հրահրած կլինի, մենք ինքներս ամոթանք կտանք էդ բժշկին: Ուզում են գործը ծածկել, բժշկի վրա են գցում»,- Aravot.am-ի հետ զրույցում բողոքել են Վլադիմիր Ղուկասյանի գործընկերները:

Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Տիգրան Ազրոյանը նշել է, որ նման խափանման միջոց ընտրվում է շատ վտանգավոր բաների համար։

«Եթե մարդը դեպքից հետո մեկ տարի աշխատել է, ոնց կարելի է, սա հումանիտար օրենքներին դեմ գնացող որոշում է: Թող դատը լինի, որոշեն, ոչ թե բժշկին կալանավորեն: Շատ տհաճ երևույթ է: Այսպիսի քայլերով իրենք ոչնչացնում են մեր ցանկությունները, որ տրամադրվեք, աշխատենք, ոչ մեկ չի ուզում աշխատել: Վաղը մյուս օրը կարող է իրենց հարազատին մի բան լինի, նորմալ բժիշկ չլինի, որ օգնություն ցույց տա»,- ասել է Ազրոյանը:

Երեկ news.am-ը գրել է, որ Վանաձորում լուրեր են շրջանառվում, թե 15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանել է ԱԱԾ աշխատակցի որդին, որին էլ իրավապահ մարմինները խնամքով թաքցնում են:

Նշենք, որ մինչ բժշկին մեղադրանք առաջադրելը, սպանության մեջ էր մեղադրվում Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևը, ում մեղադրանքը փոփոխվել է օգոստոսի 26-ին՝ այժմ նրան մեղադրում են սպանության փորձի մեջ։ Կունգորցևը հերքում է մեղադրանքը։ Epress.am-ի հետ զրույցում Կունգորցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշել է, որ 10 ամսից ավել ընթացող նախաքննության ժամանակ պաշտպանական կողմին հրաժարվել են գործի նյութերը տրամադրել։

Փաստաբանի խոսքով՝ ինքը դա կարող է բացատրել նախաքննության գաղտնիքը պահելու ցանկությամբ, բայց նախաքննական մարմինը հենց ինքն է խախտել այդ գաղտնիքը գործի քննության սկզբում՝ ոստիկանության կայքում տվյալներ և տեսանյութեր հրապարակելով, որոնք նաև անմեղության կանխավարկածի խախտում են հանդիսանում։

Նշենք, որ գործի քննության ընթացքում իրավապաշտպաններն ու փաստաբանը բազմիցս մատնանշել են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը: Կունգորցևի արյան նմուշի փորձաքննությունը ցույց է տվել, որ շորերի վրա սպանվածի արյունը չի եղել:

Epress.am-ը ներկայացրել էր գործի մանրամասները։

Լուսանկարը՝ aravot.am