ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք տնտեսական աճ եղել է, բայց զգալիորեն ցածր, քան ներկայացվել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ թվերը կեղծվել են։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ Նա նշել է, որ արդեն ավարտում է գիտական մի հետազոտություն՝ քոչարյանական տնտեսական աճի մասին, և, Բագրատյանի խոսքով, ամենաուշը նոյեմբերի սկզբներին ընթերցողը հնարավորություն կունենա տեսնել իրականությունը։
«Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան։ Գրքեր է գրում այդ մասին, ֆիլմեր նկարում։ Եղե՞լ է այդ աճը, թե՝ ոչ։ Կամ որ եղել է, ինչքա՞ն է եղել։ Ի՞նչ որակի աճ է եղել։ Օրինակ, Տիգրան Սարգսյանը (ՀՀ վարչապետ 2008-ից 2014թթ․) ասում է, որ աճը փուչիկային է եղել։ Վերջին տարիներին սա Տ.Սարգսյանի միակ միտքն է, որին գոնե մասամբ համաձայն եմ։ Այ հիմա ինձ էլ են «դիտողություն» անում. Եղբայր, համ ասում ես աճ չի եղել, համ էլ ասում ես Քոչարյանի բախտը բերեց։ Ուզում եմ նշել, որ միշտ էլ ասել եմ՝ աճ եղել է։ Բայց զգալիորեն ցածր, քան արձանագրել է ԱՎԾ-ն։ Ենթադրում եմ, որ բարձր աճերը նկարվել են ճնշման արդյունքում։ Իզուր չէր, որ երկրում հոկտեմբերի 27 և մարտի 1 էր տեղի ունենում։ Ի դեպ, Քոչարյանի պաշտոնավարման շրջանում բարձր աճեր նկարելով՝ ԱՎԾ-ն սպառեց լիմիտը հաջորդ նախագահի և երեկվա ու այսօրվա կառավարության համար։ Վերջիններս հնարավորություն չունեն թվերը կեղծել այնքան, ինչքան դա արվում էր երկրորդ նախագահի օրոք», – գրել է Բագրատյանը։