Տավուշի մարզում վաճառվող կամ մարզից արտահանվող խոզի մսի քանակը վերջին տարիներին կտրուկ նվազել է։ Միսը թանկանում է, վերջին տարիներին հիվանդությունների պատճառով խոզերի անկում է գրանցվում։ Անասնապահների և մսի վաճառքով զբաղվող կետերի աշխատակիցների հետ զրույցում Epress.am-ի թղթակիցը հիվանդությունների մասին 2 հիմնական վարկած էր լսում։ Երևանում երկու վարկածն էլ հերքում են։
Երկու շաբաթ առաջ Epress.am-ի լրագրողական խմբի՝ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում զարմացրեցին թե՛ խոզի մսի գները, թե՛ մսի քանակը։ Դիլիջանի որոշ կետերում խոզի միսը 4000 դրամով էին վաճառում, ինչը Երևանի գներին էլ գերազանցում էր։ Իջևանի շուկային հարող տարածքում խոզի մսի կիլոգրամն արժեր 3500 դրամ, որոշ գյուղերում հասնում էր 3700-ի։ 3 գյուղերում և Իջևանում կատարած շրջայցի ընթացքում նվազագույն հանդիպած գինը 3400 դրամն էր, սակայն ժամը 13։00-ի դրությամբ այդ կետում միսն արդեն վերջացել էր, հաջորդ օրն էլ չէին սպասում։ Անգամ տարվա այս ժամանակահատվածի համար, երբ մորթը սովորականից ցածր է, դա զարմանալի էր, նախկինում Տավուշի մարզում խոզի միս գտնելը միշտ էլ հնարավոր էր։ Գյուղերից մեկում 3 մսի վաճառքի կետ կար, սակայն բոլորն արդեն փակ էին 14։00-ին՝ միս չկար։
Որն է աֆրիկյան ժանտախտի տարածման պատճառը․ վարկած 1-ին
Ըստ գյուղացիների և մսավաճառների՝ խնդիրները սկսվել են 6-7 տարի առաջ, երբ մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել։ Խոզերի մեծ գլխաքանակ է հարկադիր ոչնչացվել, որից հետո խոզ պահողների թիվն էլ նվազել է։ Բացի աֆրիկյան ժանտախտից, որի հակամիջոցն աշխարհում գոյություն չունի, կան նաև այլ հիվանդություններ, օրինակ, դասական ժանտախտը, որի դեմ պետպատվերի շրջանակում խոզերին պատվաստում են։
Գյուղացիները աֆրիկյան ժանտախտի տարածման 2 հնարավոր պատճառ էին նշում. առաջինը ավելի քիչ տարածում ուներ։ Նախկինում խոզաբուծությամբ զբաղվող մեր զրուցակիցներից մեկը, ով խոզ պահելու մտքից հրաժարվել է 4 տարի առաջ՝ իր կենդանիների «չոքելուց» հետո, ասում է, որ 7 տարի առաջ բնապահպանության նախարարությունը սկսել է բուժել անտառը՝ ուղղաթիռներով նյութեր լցնելով անտառային գոտիների վրա։ Դրանից հետո այն գյուղացիները, ովքեր անտառում էին խոզ պահում, նկատել են խոզերի զանգվածային անկում։ Խոզերի շրջանում տարածված հիվանդությունների և անտառը բուժելու միջոցառումների կապը մեզ հետ զրույցում հերքեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։
Վերջինիս խոսքով՝ այդ միջոցառումները հիվանդության հետ ոչ մի կերպ կապված չեն, անհնարին է, որպեսզի դրանք հարուցիչ լինեն։ Մկրտչյանը պատմել է, որ աֆրիկյան ժանտախտը պաշտոնապես Հայաստանում գրանցվել է 2007 թվականին, ու փորձագետները պարզել են, որ այն ներմուծվել է Վրաստանից եկած կերի միջոցով։ Անասնաբուժության տեսչության պետը բացատրել է, որ անտառը կապ ունի աֆրիկյան ժանտախտի հետ այնքանով, որ հիվանդության տարածմանն աջակցում են վայրի խոզերը, ինչպես նաև տզերը, որոնք շատ արագ վարակում են խոզերին։ 2007 թվականին Հայաստանում անարյուն ճանապարհով հարկադրաբար ոչնչացվել է 30 հազար գլուխ խոզ, որպեսզի վարակն ավելի մեծ տարածում չգտնի։ Մկրտչյանի փոխանցմամբ՝ 2011 թվականից ի վեր աֆրիկյան ժանտախտի լաբորատոր ախտորոշված ոչ մի դեպք չի գրանցվել։
«Տարբեր տեղերից մենք էլ լսում ենք՝ կա, շարունակվում է, բայց մարդիկ թաքցնում են, ու երբ մեր համապատասխան մասնագետը գնում է, որպեսզի տեսնի՝ կա, թե չկա, այդ խոզն արդեն չկա։ Փորձում են վաճառել տնտեսական վնասներ չկրելու համար», – ասել է Մկրտչյանը։
Փորձագետը նշել է, որ 2007 թվականին կառավարությունը փոխհատուցում է վճարել ոչնչացված հիվանդ խոզերի դիմաց, սակայն հետագայում 2008 տնտեսական ճգնաժամի պատճառով փոխատուցում այլևս չի տրվել, և գյուղացիները, կասկածի դեպքում անգամ, մորթում են խոզն ու վաճառում։ Քանի որ Լոռու ու Տավուշի մարզերում խոզերը հիմնականում պահվում են անտառային վայրերում, ֆիզիկապես գրեթե անհնար է վերհսկողություն իրականացնել, պնդում է Հովհաննես Մկրտչյանը։
Նշենք, որ աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզի մսից մարդուն հիվանդությունը չի փոխանցվում։
Որն է աֆրիկյան ժանտախտի տարածման պատճառը․ վարկած 2-րդ
Տավուշի մարզում խոզերի շրջանում առկա հիվանդությունների մասին շրջանառվող երկրորդ վարկածը՝ դրանք գալիս են խոզի կերի, ինչպես գյուղացիներն են ասում, թեփի հետ, որոնք ստանում են ալրաղացներից։ Այդ վարկածը մենք լսեցինք բազմաթիվ անգամ՝ թե՛ մսի վաճառքով զբաղվող կետերում, թե՛ խոզաբուծությամբ զբաղվողներից։
Շատերի կարծիքով՝ կերի որոշ խմբաքանակներ միտումնավոր են վարակում, որպեսզի խոզերի որոշ մասը «չոքի»։ Մարդիկ սկսում են վախենալ, հրաժարվում են խոզ պահելուց։ Դա խոշոր ներմուծողներին հնարավորություն է տալիս շուկայում մեծացնել վաճառվող սառեցված մսի քանակը։
«Մեր մոտ առաջ սառած միս չէին ծախում, հիմա արդեն շուկայում կա ու առնող էլ կա՝ էժանության պատճառով», – ասում էր մսավաճառներից մեկը։
Մարդկանց շրջանում տարածված վարկած է՝ սառեցված մսի խոշոր ներմուծողներից մեկը ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, ում կարող է ձեռնտու լինել տեղական մսի հետ կապված նման վիճակը։ Քանի որ Տավուշի մարզում շատ են խոզ պահող անհատները և քիչ են խոշոր ֆերմաները, բիզնեսի մեջ շատ մարդիկ են ներգրավված։ Այժմ խոշորացման, մենաշնորհացման գործընթաց է գնում։
Իջևանցիներից մեկը նշեց, որ վերջին տարիներին՝ աֆրիկյան ժանտախտից հետո, շատերն արդեն խուսափում են անտառում պահել խոզերին ու ստիպված թեփ են տալիս։ Ինքը հիմնավոր կասկածներ ունի, թե իր խոզերը «չոքել են» գնված կերի պատճառով, քանի որ նույն խմբաքանակից գնել էր նաև իր հարևանը ու վերջինիս խոզերն էլ վարակվել էին։ Մյուս հարևանը, որն այլ խմբաքանակից էր կեր գնել, կարողացել է պահպանել իր խոզերին։
Նման պատմություններ մենք մի քանի անգամ լսեցինք՝ և՛ Իջևանում, և՛ գյուղերում։
Հովհաննես Մկրտչյանը նշում է, որ կերից խոզը կարող է վարակվել, որովհետև խոզերին մարդիկ տալիս են նաև յուրաքանչյուր տիպի թափոններ՝ միայն թե կենդանին ուտի, և այդ ամենի մեջ կարող է հարուցիչ լինել։
Մկրտչյանի խոսքով, սակայն, բացառվում է, որ ալրաղացների կողմից արտադրված կերը վարակ պարունակի։
«Եթե դա արտադրություն է, ապա բացառում եմ, որ թեփը վարակված լինի, որովհետև այն փաթեթավորվում է, մակնշվում է, տեխնոլոգիական գործընթաց և այլն, և այլն։ Ես նման վարկածի չեմ հավատում որպես պետական պաշտոնյա, որովհետև դրա նպատակը չեմ տեսնում, համ էլ որտեղի՞ց էդ վարակն իրենց։ Նրանք հարուցիչ չեն կարող ունենալ, հարուցիչը պահվում է հատուկ պայմաններում՝ լաբորատորիաներում։ Նորից եմ կրկնում, մարդիկ կարող են էժան կեր ունենալու նպատակով թափոններ գնել, օրինակ, գինեգործության արդյունքում մնացած հումքը, ռեստորանային թափոններ։ Վտանգն այդտեղ է։ Իսկ ալրաղացներում կամ համակցված կերի գործարաններում, ես դա բացառում եմ։ Դա տրամաբանությունից դուրս է», – ասել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետը։
Մեզ հետ զրույցում Մկրտչյանը կրկին անգամ ընդգծել է, որ խոզերի հիվանդության հետ կապված խնդիրները լուրջ են հատկապես Լոռու և Տավուշի մարզերում բաց անտառային տարածքների պատճառով, քանի որ, ի տարբերություն, օրինակ, Արագածոտնի և Շիրակի մարզի, որտեղ խոզերին հիմնականում փակ տարածքներում են պահում, անտառային տարածքներում հիվանդությունը տարածման լայն հնարավորություններ ունի։
Խոզի միսն ու Հայաստանի տնտեսությունը
Օգոստոսի կեսերին Տավուշի մարզում արդեն գրեթե չէին խոսում կրակոցների մասին, ինչը զրույցների հիմանական թեման էր, երբ մենք այցելել էինք տարածաշրջան ամսվա սկզբին։ Երկու օր շարունակ մեր հիմնական զրույցի թեման խոզի միսն էր և մարզի ընդհանուր տնտեսական վիճակը։ Երեկոյան նստած ենք Իջևանի սրճարաններից մեկում, մեր զրուցակիցները երկուսն են, ովքեր փորձում են բացատրել, թե որքան ծանր վիճակում են գյուղացիներն ու քաղաքացիները մարզում։
«Ես անձմաբ չեմ բացառում, որ թեփը կարող են միտումնավոր վարակել, Հայաստանում ենք ապրում, ամեն ինչ հնարավոր է, – ասում է նրանցից մեկը։ – Բայց եթե էդ էլ մի կողմ թողնենք, տնտեսապես քանի գնում է, ավելի քիչ ձեռնտու է դառնում խոզ պահելը։ Ու ընդհանրապես Իջևանում կամ մարզի գյուղերում ինչ-որ բան անելը։ Անտառում մարդիկ վախում են խոզ պահել, իսկ փակ պայմաններում, պետք է կեր առնեն։ Մի պահ թեփի մեշոկը 4500-5000 դրամի էր հասնում, մեշոկն էլ, գիտես, այլուրի նման է, երբեք 30 կիլոն 30 կիլո չի, 27-28 է։ Հիմա թեփի գինն իջել է մի քիչ (2500-3000 դրամ – խմբ․), բայց պահողները քչանում են, մսի գինն էլ՝ բարձրանում։ Խոզի գոջու գինն էլ բարձրացել է։ Ու անգամ եթե միտումնավոր չեն վարակում ու իրականում տենց բան չկա, ինչո՞ւ պիտի Հայաստանի մարդը հավատա դրան, եթե տեսնում է, որ օղին կեղծում են, կոնֆետը կեղծում են, բոլորը գիտեն դրա մասին, ու ոչինչ չի փոխվում։ Եթե խոզի մսի հարցով տենց էլ չի, դժվար չի հավատալ, որ Ալեքսանյանը կամ մեկ ուրիշը մենաշնորհ է ուզում ստեղծել կամ սառեցրած մսերը շատ ծախել։ Գառի մսի պատմությունն էլ գիտենք, որ Սաշիկ Սարգսյանը բիզնեսը մենաշնորհեց, ու գները թռան, միսը Իրան էր արտահանում»։
Մյուս զրուցակիցը նշում է, որ ինքն էլ ժամանակին խոզ է պահել, ու նախկինում երկու խոզ պահելու դեպքում մեկն արդեն պահողի օգուտն էր։
«Հիմա ես չեմ պահում, շատերը չեն պահի։ Կյանքը թանկանում է, մարդկանց եկամուտները՝ նվազում, հարկերը՝ մյուս կողմից։ Մարդիկ էլ մտածում են՝ կգնամ 4 ամիս խոպան, շինարարության վրա կտանջվեմ, կգամ սաղ տարին էդ փողը կուտեմ։ Հիմա տենց մտածողները շատ են, գյուղեր կան՝ մինչև 80 տոկոս խոպան են», – ասում է նա։
Հաջորդ օրը Երևան վերադառնալիս Իջևանի շուկայում մսի վաճառքի կետերից մեկին մոտեցանք՝ միս գնելու։ Միսը քիչ էր, թեև դեռ կեսօր էր։
«Միսը շատ ա քչացել։ Իմ կարծիքով՝ էսօր սաղ Տավուշի մարզում մի ամսվա միս կա։ Եթե մարդկանց ձեռին փող ըլներ, առաջվա նման առնեին, միս ընդհանրապես չէր ըլնի», – միսը կտրելով՝ ասում էր մսավաճառը։