Տեղեկությունն այն մասին, որ վրացական Anaklia IEP Holding ընկերությունը պատրաստվում է 600 միլիոն դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ՝ գազի էլէկտրակայանի շինարարության համար, անհանգստություն է առաջացրել Վրաստանում, հայտնում է Georgia Today կայքը։
«Անհանգստություն է առաջացրել այն, որ Վրաստանը, որի բյուջեն մեծ մասամբ կախված է օտարերկրյա ներդրումներից, նման խոշոր ֆինանսական ներդրում է անում հարևան երկրի տնտեսության մեջ՝ սեփական տնտեսության մեջ ներդնելու փոխարեն»,- գրում է կայքը։
Հոլդինգի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատեր Թեյմուրազ Կարչավան լրագրողների հետ հանդիպմանը խոսել է նախագծի մանրամասների մասին։ Սկզբնական շրջանում մտադրություն կար գազի էլէկտրակայանը կառուցել Անգլիայում՝ 400 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներն արդեն գնվել էին General Electric ընկերությունից: Անգլիայում բնական գազի բարձր գինը, սակայն, խանգարեց ծրագրին: Հետևաբար, ընտրվեց Հայաստանը. Հայաստանի կառավարությունը երաշխավորում է տարեկան 1 միլիարդ խ․մ․ գազ տրամադրել առավել ցածր գնով:
Էլեկտրակայանը կառուցվելու և շահագործվելու է Հայաստանում տեղակայված «Անակլիա էներջի» ընկերության կողմից։ Հայաստանի կառավարությունն ընկերությանն ազատել է հարկերից՝ շինարարական աշխատանքների, ինչպես նաև շահագործման առաջին հինգ տարիների ընթացքում։ Ստացվող էներգիայի գրեթե 100 տոկոսը՝ մոտ 4 մլրդ կՎտժ, արտահանվելու է։
«Կարչավայի հավակնոտ ծրագրերն առաջին հայացքից հետաքրքիր են թվում: Նման խոշոր ներդրումները հարևան երկրում, սակայն մեծ թվով հարցեր են առաջացնում։
Ռուսական գազի հոսքը Հայաստան տեղի է ունենում Վրաստանի տարածքով։ Այստեղից առաջանում է գլխավոր հարցը՝ ինչո՞ւ պետք է Anaklia IEP Holding-ը գազ գնի երկրորդ կողմից՝ Հայաստանի կառավարությունից։ Ըստ Կարչավայի՝ Հայաստանի կառավարությունը ձեռնտու հարկային պայմաններ է խոստանում իր ընկերությանը, ինչը [Իրակլի] Ղարիբաշվիլիի կառավարությունը չի կարող ապահովել։ Կասկածելի է նաև այն՝ ինչու է Կարչավան նախընտրում հայկական գազը ադրբեջանականին»,- եզրափակում է Georgia Today-ը։