Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը հանվել է հոկտեմբերին Թուրքիայում կայանալիք «Ֆիլմեքիմի» (Filmekimi) կինոփառատոնի ծրագրից։ Այս մասին ասված է փառատոնի կազմակերպիչ «Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամի»՝ սեպտեմբերի 13֊ին տարածած հաղորդագրությունում, գրում է Today's Zaman կայքը։
«Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի պրոդյուսեր «Anka Film» ընկերությունը ֆիլմը հանել է փառատոնին ցուցադրվելիք ֆիլմերի ցանկից՝ հիմնավորելով, որ Թուրքիայում ֆիլմի պրեմիերայի օրը հետաձգվել է։ «Սպի»֊ն «Ֆիլմեքիմի» կինոփառատոնին չի ցուցադրվի»,֊ մասնավորապես, ասված է կազմակերպչի հաղորդագրությունում։
Փառատոնի կազմակերպիչների հաղորդագրությունը մեջբերում է «Սպի» ֆիլմի պրոդյուսեր Ալի Աքդենիզին, ում խոսքով՝ ֆիլմի պրեմիերան Թուրքիայում պետք է կայանար հոկտեմբերի 17֊ին՝ հոկտեմբերի 11֊ից 17֊ն անցկացվելիք կինոփառատոնի շրջանակներում։
«Այն բանից հետո, երբ ֆիլմի պրեմիերան հետաձգվեց մինչև դեկտեմբեր, մենք որոշեցինք չեղյալ համարել կինոփառատոնի ցուցադրությունը, որպեսզի պրեմիերայի և կինոթատրոններում ֆիլմի հիմնական ցուցադրության միջև մեծ տարբերություն չլինի»,֊ նշել է Աքդենիզը։
«Սպի» ֆիլմը պատմում է երիտասարդ հայ դարբին Նազարեթ Մանուկյանի մասին, ով ցեղասպանության տարիներին կորցնում է իր զույգ դուստրերին։
«Տարիներ անց, կարողանալով մազապուրծ լինել ցեղասպանության արհավիրքներից, նա իմանում է, որ հնարավոր է՝ իր զույգ դուստրերը դեռ ողջ են: Նազարեթը սկսում է նրանց փնտրտուքը աշխարհով մեկ: Այդ դժվարին ճամփորդությունը նրան Միջագետքի անապատներից հասցնում է Կուբա, այնուհետև՝ Հյուսիսային Դակոտա»,֊ մասնավորապես, ասված է ֆիլմի պաշտոնական համառոտ նկարագրությունում։